1923 թվակաների քարտեզներով՝ Արցախի տարածքը կազմել է 8 հազար քառակուսի կիլոմետր, հիմա մնացել է 3 հազար 100 քառակուսի կիլոմետրը, «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Բաբայանը հարց է ուղղում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ ո՞ւր է այդ 4 հազար 900 կառակուսի մետր տարածքը։
Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը պատմական փաստերն է վկայակոչում՝ 1813-ին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ղարաբաղի տարածքներն անցել են Ռուսաստանին, եղել են մելիքություններ, որոնց տարածքը կազմել է 24 հազար քառակուսի կիլոմետր։
Ըստ Բաբայանի՝ կայսրության փլուզումից և Սովետական միության ստեղծումից հետո, 1920 թվականի ապրիլին 21-րդ բանակը մտել է Ադրբեջանով եկել Ղարաբաղի տակ կանգնել, ղարաբաղցիների հետ ստորագրել փաստաթուղթ՝ խոստանալով արցախցիներին, անկախություն, ինքնուրույնություն և նոր միայն արցախցիները թույլ են տվել, որ իրենց տարածքում տեղակայվեն զորքերը։
«Կա էդ փաստաթուղթը, եթե Լավրովը ծանոթ չի, կներկայացնենք, որ ծանոթանա», - ասաց Բաբայանը՝ շարունակելով․ - «1921 թվին Կովկասի բյուրոյով որոշում են, Ղարաբաղը տալիս Ադրբեջանի մի մաս, 23 թվին փաստաթուղթ են ստորագրում՝ կազմել նրա քարտեզը։ Նոր քարտեզ են կազմում 8 հազար քառակուսի կիլոմետրը, կտանք և էդ փաստաթուղթը։ Հիմա Արցախը մնացել է 3 հազար 100 քառակուսի կիլոմետր, հա, Լավրովին կհարցնեի՝ «բա էն 4 հազար 900 ո՞ւր է, տեսնես տեղը ինքը գիտի՞, էդ որ ասում է՝ 7 շրջանը պիտի հանձնեինք, դա ճիշտ որոշում է», - ասաց Բաբայանը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվն, օրերս խոսելով ղարաբաղյան խնդրից, հայտարարել է, թե հայկական կողմը տևական ժամանակ օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի յոթ շրջաններն ու մերժում կարգավորման ծրագրերը, այդ թվում` Ռուսաստանի առաջարկները:
«Այո, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը», - ասել է Լավրովը՝ պնդելով, թե Մոսկվայի համար դժվար է կողմնորոշվել հետագա քայլերում, քանի որ Հայաստանը և Ադրբեջանը Պրահայում ստորագրված փաստաթղթով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմթայի հռչակագրի համաձայն, որով նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը՝ Լաչինի, ազգերի ինքնորոշման ու ՀԱՊԿ-ում հակասությունների մասինԸստ Լավրովի՝ հիշատակված փաստաթղթի համաձայն՝ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով։ Ադրբեջանի արտգործնախարարն ընգդծել էր՝ «Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր»։
Բաբայանի կարծիքով՝ լռելու փոխարեն Հայաստանը պետք է ամբողջ դիվանագիտական ջանքերը գործի դնի։
«Ասեց մարդը, լռեցինք։ Եթե դիվանագիտական մեր ամբողջ կորպուսը փաստաթղթերը դնեին, մեր արտգործնախարարը, որ գնում դեմ դիմաց նստում է, դնում է դեմն, ասում է՝ «մի հատ հասկացրու ինչ ես ասում», - ասաց Բաբայանը՝ նկատելով՝ Ռուսաստանն ուզում է, որ Թուրքիայի գործող նախագահը վերընտրվի և լծվել է դրան, Ադրբեջանին օգնելու գործին։
«Իրենց շահերին դեմ չեն գնում, իրենց հարցերը փորձում են լուծել, բայց 200 տարի է դուք մեր հաշվին ձեր խնդիրները լուծում եք, հիմա դրա համար, երբ ես ասում եմ ուղիղ բանակցություններ Բաքու-Ստեփանակերտ, այ հենց դրա մասին եմ խոսում, որ պետք է Ադրբեջանն էլ գիտակցի, որ էս սառեցրած վիճակը բերելու է հետո շատ լուջ պրոբլեմ՝ թե՛ մեզ համար, թե՛ իրենց համար, նորից ժողովուրդներն իրար կոտորելու են, գիտակցո՞ւմ են սա, թե ոչ, սա է խնդիրը», - եզրափակեց Բաբայանը։
Բաբայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․