Մոսկվան անցած երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հայտարարում, թե ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է խաղաղապահ առաքելություն տեղակայել Հայաստանում: Արտգործնախարար Լավրովն այդ մասին խոսեց նախ հունվարյան ասուլիսում, ապա այսօր` "Россия 24"-ին տված հարցազրույցում:
«Այդ պլանը պատրաստ էր բավականին վաղուց, բայց ինքը` հայկական կողմը, մեզ չէր շտապեցնում», - ասել է Լավրովը:
Մոսկվան առաջին անգամ է պնդում, թե հարյուրավոր զոհերից ու տարածքային կորուստներից հետո հայկական կողմը դաշնակիցներին չի շտապեցրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի պարտավորությունների զանգը հնչել է. վարչապետՊաշտոնական Երևանը, մինչդեռ, այս ընթացքում հայտարարում էր, թե ՀԱՊԿ֊ի պարտավորությունների կատարման ժամը հնչել է: Երևանում միաժամանակ պահանջում էին խաղաղապահների տեղակայումից առաջ նախ քաղաքական գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային:
Լավրովն այսօր արձանագրել է` ՀԱՊԿ-ում այդ հարցում միասնական դիրքորոշում չկա. - «Ոչ բոլորն էին պատրաստ գնալ դրան, և ոչ միայն այն պատճառով, որ ուզում էին ինչ-որ մեկին պաշտպանել կամ որևէ մեկին չաջակցել, պարզապես ղարաբաղյան պատերազմը տասնամյակների նախապատմություն ունի»:
Անցած ամիս էլ, անդրադառնալով այս թեմային, Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր` չնայած ՀԱՊԿ֊ի առաքելությունը լիովին պատրաստ է, դաշնակից Երևանը նախընտրում է Եվրամիությունից դիտորդներ հրավիրել: Պաշտոնական Երևանը Լավրովի այդ ելույթին չէր արձագանքել:
Անցած հոկտեմբերին, սակայն, վարչապետ Փաշինյանը կուսակիցների հետ հանդիպմանը բացատրել էր, որ Բրյուսելից դիտորդներ է հրավիրում, քանի որ գոհ չէ դաշնակիցներից, միաժամանակ փաստել, որ դա չէ միակ դրդապատճառը: Սրդեն երկար ժամանակ Ադրբեջանը արևմտյան երկրներին, Եվրամիությանը ներկայացնում է հետևյալ պատկերը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և անձամբ վարչապետ Փաշինյանը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ՀՀ՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և անվտանգությանը:
«Եվրոպացի մեր գործընկերները մեզ ասում են՝ «դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, ոնց որ խաղաղության օրակարգ եք որդեգրել, ինչո՞ւ եք ռուսական նորանոր զորքեր բերում և սպառնալիք ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար», - նշել է վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ՊՆ-ն զորավարժությունները չեղարկելու մասին ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հունվարի 5-ինԱվելի ուշ Երևանը հայտարարեց նաև, թե այս տարի հրաժարվում է հյուրընկալել ՀԱՊԿ զորավարժությունները: Որպես հիմնավորում վարչապետ Փաշինյանը կրկին հղում արեց Արևմուտքի հետ Բաքվի զրույցներին, թե «Ադրբեջանը այդ վարժանքները որպես սպառնալիք է ընդունում ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկում:
«Ու երբ ՀԱՊԿ֊ը դրանց համարժեք չի արձագանքում, ստացվում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հ-ում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլ` սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար», - ասել էր Փաշինյանը։
Մոսկվայից ի պատասխան հիշեցրել էին Հայաստանի սահմանին կանգնած ռուսական զորքի մասին: Այսօր էլ արտգործնախարար Լավրովը կրկնել է` Երևանի ցանկության դեպքում նաև ՀԱՊԿ առաքելությունը կարող է գործուղվել` «մեկ կամ երկու օրվա ընթացքում»:
Լավրովն անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին
Ռուսաստանի արտգործնախարարը այսօր խոսել է նաև ղարաբաղյան խնդրից, փաստել, որ հայկական կողմը տևական ժամանակ օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի յոթ շրջաններն ու մերժում կարգավորման ծրագրերը, այդ թվում` Ռուսաստանի առաջարկները:
«Հարցը քաղաքական ճանապարհով լուծելուց հուսահատ` Ռուսաստանը բազմաթիվ տարբերակներ առաջարկեց, որոնք նախկինում Հայաստանի ղեկավարությունն այնքան էլ դրական չէր ընդունել՝ ցանկանալով պահել այն տարածքները որոնց երբեք չէր հավակնում։ Այո, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը», - ասել է Սերգեյ Լավրովը։
Հիմա, պնդել է Լավրովը, Մոսկվայի համար դժվար է կողմնորոշվել հետագա քայլերում, քանի որ Հայաստանը և Ադրբեջանը Պրահայում ստորագրված փաստաթղթով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմթայի հռչակագրի համաձայն, որով նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ջանքեր է գործադրում Կովկասում առճակատման հնարավորությունը վերացնելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ«Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը գտնվում էր ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, այնպես որ, այստեղ իրավիճակը բազմաշերտ է », - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ի դեպ, օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև հայտարարել էր, թե պատրաստ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր եռակողմ բանակցություններ կազմակերպել:
Հայկական կողմը մոսկովյան նախորդ հանդիպմանը չէր գնացել, պատճառաբանելով, թե զբաղված է Լաչինի միջանցքը բացելու հարցով: Դիվանագիտական գերատեսչությունից «Ազատությանը» այսօր էլ հստակ պատասխան չեն տվել` կգնա նոր հանդիպմանը Արարատ Միրզոյանը, թե՝ ոչ: Հայտնի է, միայն, որ Հայաստանի արտգործնախարարն այսօր ընդունել է Ռուսաստանի դեսպանին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ Հայաստանի արտգործնախարարությունը չի հաղորդել: