2023 թվականին նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում, կիրակի օրը STV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն:
«Չորս վարժանքներից, որոնք կազմակերպությունը անցկացնում է տարեկան, երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում։ Դրանք արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն» զորավարժություններն են, հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքի «Էշելոն» զորավարժությունները։ Այս ամենը սեպտեմբերին տեղի կունենա մեր երկրի տարածքում»,- ասել է Մուրավեյկոն:
Հայաստանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի զորավարժությունները: ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա, այս մասին օրերս հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով միայն, թե այս իրավիճակում Հայաստանը դա նպատակահարմար չի համարում։