Մատչելիության հղումներ

Երևանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին տեղակայելուց. ՌԴ-ում Հայաստանի դեսպան


Երևանը չի հրաժարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին տեղակայելուց, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Միջպետական հարաբերություններում կարող են լինել որոշ հարցեր, որոնք քննարկվում և լուծվում են: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ապա ոչ ոք չի հրաժարվել ՀԱՊԿ դիտորդներից»,- ասել է նա։

Հարությունյանը հերքել է նաև պնդումները, թե Հայաստանը պատրաստվում է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից:

«Նման մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն առումով, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ստորագրված պայմանագրերով: Մեր վարչապետը [Նիկոլ Փաշինյանը] նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող, ուստի դա ճիշտ չէ, ընդհակառակը, մենք խորացնում ենք մեր հարաբերությունները»,- հավելել է նա։

Ավելի վաղ՝ կոշտ արձագանքելով Հայաստանի սահմանամերձ շրջաններ Եվրամիության դիտորդական առաքելություն ստեղծելու Բրյուսելի որոշմանը՝ Մոսկվան հայտարարում է՝ Եվրամիության ներկայացուցիչները կարող են «միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում նշել են նաև, թե «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG