Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մանրամասներ հրապարակեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարների երեկվա նիստից: Ըստ նրա՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաքելությունն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից հարձակում է եղել, և օկուպացվել են Հայաստանի տարածքներ։ Հաջորդիվ, ըստ Փաշինյանի, ՀԱՊԿ-ը պետք է հստակ քաղաքական գնահատական տա և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ ընդունի։
«Ճանապարհային քարտեզը կարող է լինելը հետևյալը՝ առաջինը՝ դիվանագիտական ճանապարհով աշխատանք Ադրբեջանի հետ, և եթե դիվանագիտական ճանապարհով չի աշխատում, ՀԱՊԿ-ը պետք է արդեն ուժային գործողություն պլանավորի Հայաստանի՝ անդամ պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Եվ մենք որոշեցինք, որ արտաքին գործերի նախարարներին տանք հանձնարարական, որ այդ խնդիրը լուծեն», - շաբաթ օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովին ասաց վարչապետը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, նաև Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ունեն անվտանգային պարտավորություններ, և «այդ պարտավորությունների զանգը հնչել է», հայտարարեց Փաշինյանը: Ասաց՝ երեկ տեղի ունեցած ՀԱՊԿ նիստում բոլոր հարցերը պարզ, ազնիվ թափանցիկ ներկայացվել են գործընկերներին: «Բաց, անկեղծ քննարկում է ստացվել», - նշեց նա՝ մանրամասներ փոխանցելով.
«Մեզ ասում են՝ «տեսեք՝ արևմտյան, ԵՄ դիտորդներ են եկել Հայաստան, էդ ո՞վ է հրավիրել իրենց»: Ես ասում եմ՝ «ես եմ հրավիրել, իսկ հրավիրել եմ մի պարզ պատճառով, կամ երկու պարզ պատճառով, կամ ավելի ճիշտ՝ մի պարզ, մի բարդ պատճառով»: Բարդ պատճառը հետևյալն է՝ որովհետև ի հեճուկս օրենսդրության, պայմանավորվածությունների և պայմանագրերի՝ ադրբեջանական օկուպացիային ՀԱՊԿ-ի արձագանքը համարել եմ ոչ պատշաճ, և հաջորդը՝ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը արևմտյան երկրներին, Եվրամիությանը ներկայացնում է հետևյալ պատկերը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և անձամբ վարչապետ Փաշինյանը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ՀՀ՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և անվտանգությանը: Եվրոպացի մեր գործընկերները մեզ ասում են՝ «դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, ոնց որ խաղաղության օրակարգ եք որդեգրել, ինչո՞ւ եք ռուսական նորանոր զորքեր բերում և սպառնալիք ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար»: Եվ ես ասացի՝ «գիտե՞ք ինչ, եթե մեր փաստարկները ձեզ համար ընդունելի կամ համոզիչ չեն, դուք դիտորդական առաքելություն ձևավորեք, եկեք տեսեք՝ տեղում ինչ է կատարվում»:
«Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը». Լուկաշենկո
Ըստ բելառուսական լրատվամիջոցների՝ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ է արտահայտվել Եվրամիության և ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացվածությանը հայ - ադրբեջանական սահմանին:
ՀԱՊԿ երեկվա նիստում Փաշինյանի բարձրացրած հարցերին բավականին կոշտ է արձագանքել Լուկաշենկոն. - «Դուք մեր առջև երկու հարց եք դնում: «Իրադարձությունների գնահատականը և ՀԱՊԿ-ի դիրքորոշումը»՝ Դուք պահանջեցիք, որ մենք հստակեցնենք մեր դիրքորոշումը։ Դուք ինչ է, չգիտե՞ք մեր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարևան պետությունների միջև հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Երկրորդ հարցը. - «Ինձ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»: Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես Ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք։ Եթե այսօր չանեք դա, ապա ավելի վատ կլինի, Դուք ինքներդ էլ դա հասկանում եք, մեզ այս հակամարտությունը պետք չէ: Դուք երկու հարց եք դրել՝ դրանք ավելի քան տարօրինակ են, Նիկոլ Վովաևիչ»:
Նիստից հետո տարածված տեսանյութում Բելառուսի նախագահը խոսում է Ադրբեջանի նախագահի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին: «Արդյո՞ք Ադրբեջանն այստեղ ներկա պետությունների ու երկրների ղեկավարների համար թշնամի է կամ հակառակորդ։ Ոչ: Ես հաստատում եմ նախագահ Պուտինի ասածը, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ հարազատ պետություններ են։ Եվ սա է իրավիճակի առանձնահատկությունը։ Մենք չենք կարող դա հաշվի չառնել: Հնարավոր չէ հարցը դնել այնպես, որ մի կողմից ՀԱՊԿ-ն է, մյուս կողմից՝ Ադրբեջանը։ Դա ճիշտ չէ։ Այսօր Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը։ Ինչ կլինի վաղը (դա հավերժ չէ)՝ ոչ ոք չգիտի։ Ուստի այս սուր հարցերը, որոնց մասին խոսում է Նիկոլ Վովաևիչը, իսկապես պետք է հիմա լուծվեն։ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության օրոք: Ով էլ որ կանգնած լինի Ադրբեջանի թիկունքին։ Ասում են՝ Թուրքիան այնտեղ է և այլն։ Եվ ի՞նչ: Սա քաղաքականություն է։ Թուրքերն աջակցում են Ադրբեջանին, քանի որ նրանք մերձավոր են և հարազատ», - հայտարարել է Լուկաշենկոն:
«Կներեք, խոսքը էմոցիաների մասին չի, խոսքը պայմանագրային պարտավորությունների մասին է». Փաշինյան
Փաշինյանը վերոհիշյալի առնչությամբ այսօր հայտարարեց. - «Նիստում ասեցի՝ կներեք, խոսքը էմոցիաների մասին չի: Մեկը մեկին կարող է ավելի սիրել, մեկը մեկին կարող է պակաս սիրել, մեկը մեկին կարող է լինել ավելի հարազատ, մյուսը մյուսին՝ պակաս հարազատ: Խոսքը հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրային պարտավորությունների մասին է, օրենքի մասին է: Ով ում ինչքան է սիրում՝ բացարձակ կապ չունի: Կա ստեղծված իրավիճակ, հիմա ստեղծված իրավիճակին՝ ա) տրվո՞ւմ է արդյոք քաղաքական գնահատական, ո՞րն է քաղաքական գնահատականը՝ որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ և օկուպացրել է Հայաստանի տարածքներ»:
«ՀԱՊԿ-ից որևէ այլ բան սպասելը ուղղակի իմաստ չունի»
Հաշվի առնելով նաև Բելառուսի նախագահի հայտարարությունները, հայաստանյան փորձագիտական շրջանակը չի կարծում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից պետք է հստակ քայլեր ակնկալի:
Քաղաքագետ Արեգ Քոչինյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. - «ՀԱՊԿ-ից որևէ այլ բան, քան ինչ մենք տեսանք երեկ, օրինակ՝ ի դեմս Բելառուսի նախագահի հայտարարությունների, սպասելը ուղղակի իմաստ չունի: Ես չգիտեմ՝ մեր քաղաքական ղեկավարությունը ինչ նպատակ է հետապնդում՝ անընդհատ փորձելով այլ պատասխան ստանալ ՀԱՊԿ-ից, քան այն պատասխանը, որ ՀԱՊԿ-ը մեզ համար ունի, բայց այլ պատասխան չի լինելու: Եթե մեր նպատակն է փորձել հեղինակազրկել ՀԱՊԿ-ը, ներսից քանդել և այլն, դա շատ ավելի վտանգավոր և շատ ավելի վատ ճանապարհ է, քան ուղղակի դուրս գալ ՀԱՊԿ-ից»:
«ՀԱՊԿ-ից դուրս գալը մեզ հնարավորություն է տալու աշխատելու դիվերսիֆիկացնելու և աշխատելու մեր անվտանգային ճարտարապետության վերանայման ուղղությամբ: Քանի դեռ մենք այնտեղ ենք, այդ ճարտարապետությունը հնարավոր չի պարզապես վերանայել: Ես վստահ չեմ, ես չեմ կարող երաշխավորել, որ դուրս գալուց հետո մենք անմիջապես և շատ արագ կգտնենք նոր ճարտարապետություն, կկառուցենք նոր համակարգ, բայց սկսելու համար պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ: Փակ շղթա է դարձել էս ամեն ինչը», - շարունակեց Քոչինյանը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին Երևանում: Ըստ Բելառուսի արտգործնախարարության՝ հանդիպմանը դարձյալ անդրադարձ կլինի հայ - ադրբեջանական սահմանային իրավիճակին։