Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խանդի տեսարան․ Վիգեն Խաչատրյան


Արևմուտքի ու Հայաստանի հասցեին քննադատական ձևակերպումներով Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խանդի տեսարան, վստահ է Ազգային ժողովի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Վիգեն Խաչատրյանը.

«Ավելի շատ այդ տեքսը խանդի տեսարան է, քան բովանդակային որևէ պարունակություն ունի», - ասաց Խաչատրյանը։

Կոշտ արձագանքելով Հայաստանի սահմանամերձ շրջաններ Եվրամիության դիտորդական առաքելություն ստեղծելու Բրյուսելի որոշմանը՝ Մոսկվան հայտարարում է՝ Եվրամիության ներկայացուցիչները կարող են «միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։

«Ամեն գնով Հայաստանում տեղն ամրապնդելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը մի կողմ մղելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը ձգտող հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին»,- ասված է հաղորդագրությունում։

Մոսկվան համոզված է՝ ռուս խաղաղապահներն ու Հայաստանի սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները տեսանելի ապագայում մնում են տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը։

Իշխանական պատգամավորը կարծում է՝ ռուսական կողմը պարզապես իր անգործությունն է փորձում արդարացնել.

«Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը բոլոր հնարավորությունն ունեն իրենց առաքելությունը կատարելու և վաղուց կարող էին ինչ-որ պետք է անեին ու ոչինչ չեն արել։ Եթե իրենք իրենց պարտականությունները կատարեին, նման խնդիր չէր առաջանա ընդհանրապես», - ասաց Խաչատրյանը։

Արտգործնախարարությունը նաև նշել է, թե «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կարձագանքի Հայաստանում ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը»։

Պաշտոնական Մոսկվան արձանագրում է, որ «տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:

«Ընդհանրապես կոռեկտ չի, որ իրենք փորձում են մեր արտաքին քաղաքականությանը գնահատականներ տալ, դա ես համարում եմ ոչ դիվանագիտական լեզու», - ասաց իշխանական պատգամավորը։

Հայաստանի արտաքին գերատեսչությունը դեռևս չի արձագանքել Մոսկվային։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG