Ռուսաստանցի ազատազրկված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին կես տարով փոխադրել են խցանման մեկուսարան, ուր կալանավորների պահման առավել խիստ պայմաններ են:
Կես տարին այդօրինակ մեկուսարանում առավելագույն ժամկետն է, որը կարող է կիրառվել տղամարդ-կալանավորի նկատմամբ:
Քրեակատարողական հիմնարկի վարչության կարգադրությամբ նման սենյակներում են պահում կարգի կոպիտ խախտումների համար մեղադրվող կալանավորներին:
Ալեքսեյ Նավալնիին անցած կես տարում 11 անգամ են ուղարկել պատժախուց: Ընդ որում՝ 11-րդը անգամ նա այդ պատժին է դատապարտվել գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ 10-րդ անգամ պատժախցում մնալուց հետո դուրս է եկել և փոխադրվել «ընդհանուր ռեժիմ»:
Ըստ բանտի ադմինիստրացիայի, վերջին առիթն այն էր, որ Նավալնին, իբր, «ոչ պատշաճ ձևով է ներկայացել քրեակատարողական հիմնարկի աշխատակցին»:
Ալեքսեյ Նավալնին փաստաբանների միջոցով փոխանցել է իր գրավոր մեկնաբանությունը, որը նրա անունից դրվել է սոցցանցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարբեր երկրներում ցույցեր են՝ հաջակցություն Նավալնիի«Բանտում ամենածանր տանջանքն այն է, որ չես կարող տեսնել հարազատ դեմքերը, խոսել այն մարդկանց հետ, ում սիրում ես: Ես 8 ամիս չեմ ունեցել տեսակցության հնարավորություն, իսկ նախօրեին ինձ հայտնեցին, թե ուղարկում են խցանման մեկուսարան, երևի կես տարով: Նույնիսկ ցմահ ազատազրկված մոլագարներն ու սերիական մարդասպաններն ունեն հանդիպման իրավունք, իսկ ես՝ ոչ: Դե, դժվարությունները կոփում են մարդուն, բայց ինչո՞ւ իմ երեխաները պետք է այդպես կոփվեն՝ չգիտեմ», - դառնացած նշել է ընդդիմադիր գործիչը:
Այդ նույն գրությամբ նա նաև հայտարարել է թե երբ նման վիճակում ես հայտնվում՝ առավել սրությամբ ես գիտակցում այս անխիղճ իշխանության դեմ պայքարելու անհրաժեշտությունը:
«Հասկանում ես, որ պետք է ինչ-որ բան անել Ռուսաստանն այս սրիկաների ճիրաններից ազատելու համար, ցրել այն թմրանյութը, որով նրանք մոլորեցրել են միլիոնավոր գլուխներ»,- հայտարարել է ընդդիմադիրը:
Նավալնիի աջակիցների և փաստաբանների փոխանցմամբ, «նրան մրսածությունից բուժել են այդ ախտորոշման դեպքում հակացուցված հակաբիոտիկների հսկայական դոզաներով, ինչի հետևանքով նրա մոտ սկսվել են սուր ցավեր ստամոքսի շրջանում: Նա 7 կիլոգրամ քաշ է կորցրել»:
Հունվարի 30-ին Նավալնիի աջակիցները հրապարակել են նրան բանտում այդօրինակ տանջանքների ենթարկող աշխատակիցների անունները:
Նրանց պնդմամբ, բանտի ադմինիստրացիան պարբերաբար գումարում է ժողովներ և քննարկում նրա պահման պայմաններն էլ ավելի վատթարացնելու հնարավորությունները:
Հունվարի 17-ին լրացել է նրան Գերմանիայից վերադառնալուց կալանավորելու երկու տարին:
Ռուսաստանցի և օտարերկրացի իրավապահները համոզված են, որ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմն ամեն ինչ անում է Նավալնիին բանտում մահվան հասցնելու համար:
Բոլոր միջազգային իրավապաշտպան կառույցները և տասնյակ անվանի պետական ու հանրային գործիչներ Նավալնիին համարում է քաղբանտարկյալ և խղճի բանտարկյալ: