Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի փաստաբան Վադիմ Կոբզևը երեկ Twitter-ում գրել է, թե բժիշկների բաց նամակից հետո Նավալնիի վիճակը դադարել է վատանալ, նրան կալանավայրում հակաբիոտիկներ են տալիս և լրացուցիչ եռման ջուր՝ օրական երկու բաժակ:
Փաստաբանը համոզմունք հայտնել է, որ բժիշկների բաց նամակը՝ ի պաշտպանություն Նավալնիի, «ակնհայտ ազդեցություն է ունեցել»։
Դեկտեմբերի 31-ին ընդդիմադիր գործիչն իր ազատազրկման ընթացքում տասներորդ անգամ 15 օրով պատժախուց տեղափոխվեց գաղութի տնօրինության բացատրությամբ՝ դեմքը սխալ ժամանակ լվանալու համար։
Հունվարի 10-ին ռուս բժիշկների մի խումբ Պուտինին բաց նամակ հրապարակեց, որում պահանջում էր «դադարեցնել ահաբեկել» Նավալնիին, թույլ տալ քաղաքացիական բժիշկներին այցելել նրան և անհրաժեշտության դեպքում տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ լիարժեք բուժման համար: Երկու օրվա ընթացքում նամակը ստորագրել էր ավելի քան 600 բժիշկ։
Հունվարի 11-ին ընդդիմադիր քաղաքական գործչի կինը՝ Յուլիան, հայտարարել էր, որ արդեն մեկ շաբաթ ջերմություն ունեցող Նավալնին չի բուժվում, և նրա կալանքի պայմանները միտումնավոր վատթարանում են։
«Դուք ընդհանրապես մա՞րդ եք։ Ի վերջո, ձեզ տանը աշխատանքից հետո ծնողներ ու երեխաներ են սպասում: Ի՞նչ է կատարվում ձեր գլխում, ինչպե՞ս եք ապրում՝ ուրախանալով, որ դիտավորյալ վարակել եք մարդուն, չեք բուժում և դեղեր չեք փոխանցում», - գրել էր ընդդիմադիր քաղաքական գործչի կինը:
2011 թվականից Նավալնու հիմնադրամը բացահայտում է Ռուսաստանում պետական բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիան։ Նրանց ամենահայտնի հետաքննություններից մեկը Սև ծովի ափին Պուտինի պալատի մասին հետաքննությունն էր։ 2020 թվականի օգոստոսին նրան թունավորել էին քիմիական զենքով, մի քանի մասին անց Գեմանիայում Նավալինին հրապարակել էր իր իսկ սպանության փորձի մասին հետաքննությունը։
Ընդդիմադիր գործիչը Ռուսաստան վերադարձավ 2021-ի հունվարին և անմիջապես կալանավորվեց օդանավակայանում։ Նավալնիի ձերբակալությունից կարճ ժամանակ անց կոռուպցիայի դեմ հիմնադրամը Ռուսաստանում ճանաչվեց ծայրահեղական կազմակերպություն, նրա թիմի անդամները սկսեցին հետապնդվել, շատերը ստիպված եղան լքել երկիրը։