Ղարաբաղի ներկայացուցիչները օրերս Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ
Ղարաբաղի ներկայացուցիչները օրերս Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ա․ Վոլկովի մասնակցությամբ, այսօր հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը։ Հիշեցնելով, որ երեկ ինքը նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանցի գործընկերոջ հետ, Սերգեյ Լավրովը պնդեց, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի։ Թե որն է նման լավատեսության պատճառը, չհստակեցրեց: Խոսելով շրջափակման պատճառներից էլ՝ որևէ խոսք չասաց էկոակտիվների վերաբերյալ։
«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել։ Հիմա մեր զինվորականները ուսումնասիրում են այդ տվյալները։ Մենք շատ պարզ բան ենք առաջարկել․ խաղաղապահ առաքելությունը, որը Ռուսաստանն ուղարկել է, եռակողմ հայտարարության համաձայն՝ օժտված է շարժը վերահսկելու լիազորություններով։ Եվ այդ առաքելությունն ունի բոլոր հնարավորությունները ստուգելու՝ արդյոք տրանսպորտային միջոցներում արգելված, ոչ հումանիտար ու քաղաքացիական նշանակության իրեր կան»,- ասել է Լավրովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է, պայմանավորվածություններ, սակայն, չկան«ՀԱՊԿ-ը դեռևս մնում է պատրաստակամ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման»
Այսօրվա ասուլիսում, որի ընթացքում ՌԴ արտգործնախարարը ամփոփում էր անցած տարվա զարգացումները, Լավրովը անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններին, այդ թվում՝ Հայաստանի մասով։ Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են դաշինքի անդամ երկրները ժամանակ առ ժամանակ միմյանցից տարբերվող տեսակետներ հայտնում միջազգային զարգացումների վերաբերյալ, Լավրովն ասաց, թե ՀԱՊԿ-ում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, միանման քվեարկելու պահանջ չկա, այս համատեքստում հիշատակեց դիրքորոշումները Ադրբեջանի վերաբերյալ։
«Մեր հայ գործընկերները առաջ էին տանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին կայունություն ապահովելու համար։ Եվ մենք երևանյան գագաթնաժողովում համաձայնեցրել էինք այդ փաստաթուղթը, առաքելության չափորոշիչները, բայց այն ընդունել չհաջողվեց, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ լինի կոշտ քննադատություն Ադրբեջանի հասցեին։ Մենք բացատրեցինք, որ եթե խոսքը դատապարտման մասին է, հռետորաբանության, դիրքորոշումների արտահայտման, ապա ամեն ոք իրավասու է անել, ինչ ուզում է։ Իսկ եթե ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, դա, պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ինչ-ինչ հայտարարություններով, հատկապես՝ կոշտ», - շեշտեց ԱԳ նախարարը։
Չհստակեցնելով՝ դաշինքի անդամներից որը կամ որոնք են խուսափել կոշտ արտահայտվել Ադրբեջանի հասցեին, Լավրովը միաժամանակ պնդեց, թե «ՀԱՊԿ-ը դեռևս մնում է պատրաստակամ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի իշխանությունը չի համակերպվելու ՀԱՊԿ անգործության հետ. Ալեն ՍիմոնյանՈւ թեև այս մասին հարց չէր հնչել, սակայն Ռուսաստանի արտգործնախարարը հարկ համարեց խոսել նաև Եվրամիությունից դիտորդական առաքելություն հրավիրելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման մասին։
«Չնայած, որ մենք դաշնակիցներ ենք, և ՀԱՊԿ այդ առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատև կտրվածքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայվի։ Իհարկե, դա Հայաստանի իրավունքն է, բայց պետք չէ մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և երևի թե, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է հակառակ արդյունքը տալ, և վստահությունը ամրապնդելու փոխարեն կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել», - զգուշացրեց Լավրովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարովՆույնը նաև Ադրբեջանի նախագահն էր հայտարարել։ Մեկ շաբաթ առաջ տված հարցազրույցում Իլհամ Ալիևը պնդել էր, թե Ադրբեջանը համաձայնել էր միայն եվրոպացիների նախորդ՝ երկամսյա դիտորդությանը, և սպառնացել, թե նրանց նոր, երկարաժամկետ առաքելությունը «տարածաշրջանի անվտանգությանը չի նպաստի»։
Հայկական կողմը, մինչդեռ, հայտարարում է, թե կարևոր է, որ դաշինքը դատապարտի ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և դրանով իսկ արձանագրի՝ որտեղ է կարմիր գիծն ու իր պատասխանատվության գոտին։
«Ի պատասխան մեր հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն: Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որն արդեն մենք միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Երևանում կայացած գագաթնաժողովում մեր առաջադրած հիմնական խնդիրն այն է, որ ոչ միայն տեսականորեն, այլև գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,- օրեր առաջ ասել էր Հայաստանի վարչապետը:
Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ուղիղ պատասխան չէր տվել հարցին՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, թե ոչ։ Ռուսաստանի արտգործնախարարն այսօր պնդել է, թե չնայած տարաձայնություններին՝ դաշինքում ստանձնած պարտավորությունները կասկածի տակ դնել որևէ մեկը չի պատրաստվում։
«Մեր բոլոր դաշնակիցները հասկանում են և ընդգծում, որ ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասով որևէ հակասություն չի լինելու։ Նման հավաստիացումներ են տալիս նաև մեր հայ բարեկամները։ Այստեղ, ինձ թվում է, պետք է անկեղծ ու բաց խոսակցություն լինի, և մենք այդ դեպքում կարող ենք գտնել լուծումներ», - հավելեց նա։
Լավրովը խոսել է տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին
Լավրովն այսօր խոսել է նաև տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։ Հարցին, թե միջազգային որ օրենքով է Ռուսաստանը հարձակվել Ուկրաինայի վրա և սեփականը ճանաչում այդ երկրի մի շարք տարածքներ, արտգործնախարարը ՄԱԿ-ի կանոնադրությունն է հիշատակել, որտեղ ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները դրված են նույն հորիզոնականի վրա։
«Շարունակ հարց էր հնչում՝ այդ սկզբունքներից որն է առաջնային: Ստեղծվեց հատուկ ընթացակարգ, որի արդյունքում 1970 թվականին ի հայտ եկավ և մինչ այժմ ուժի մեջ է գլխավոր վեհաժողովի հռչակագիրը։ Այնտեղ մի ամբողջ հատված կա ինքնորոշման վերաբերյալ, և ասվում է, որ բոլորը պարտավոր են հարգել տարածքային ամբողջականությունը այն պետությունների դեպքում, որոնց կառավարությունները պահպանում են ինքնորոշոման իրավունքը և ներկայացնում են այդ տարածքում ապրող բոլոր ժողովուրդների շահերը», - նշեց նա։
Լավրովը Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերել, թե «եթե որևէ մեկն իրեն ռուս է համարում, թող հեռանա Ռուսաստան», խոսել Դոնբասի ու Դոնեցկի գնդակոծություններից, թե դա ցույց է տալիս, որ Կիևը նրանց շահերը չի ներկայացնում, և այդ շրջաններում ապրողներն ինքնորոշման իրավունք ունեն։ Ասուլիսում ներկաներից որևէ մեկը, սակայն, չի հարցրել՝ արդյոք Մոսկվան պատրաստ է նույն սկզբունքն առաջ տանել նաև Ղարաբաղի դեպքում, որը պարբերաբար հայտնվում է ադրբեջանական կրակի տակ, և մեկ ամիս է՝ գտնվում է շրջափակման մեջ։