Երևանը չի հստակեցնում՝ Արցախին օգնություն տրամադրելու խնդրով դիմե՞լ է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին
Պաշտոնական Երևանը չի հստակեցնում՝ Արցախին օգնություն տրամադրելու խնդրով դիմե՞լ է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին: Արտգործնախարարությունից հայտնում են միայն, որ իրենք ու համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ`«Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար»։
«Միայն Երևանի դիմումը բավարար չէ»
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանն ասում է՝ միայն Երևանի դիմումը բավարար չէ, դրանից հետո անհրաժեշտ է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանձնարարականը կամ Ադրբեջանի համաձայնությունը, նկատում է՝ երկուսն էլ դժվար հասանելի են։
«Առանց Ադրբեջանի համաձայնության կամ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի, ցավոք սրտի, դա հնարավոր չէ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նույնիսկ հայտարարություն հնարավոր չեղավ ընդունել, ինչպես տեսանք մի քանի օր առաջ, քանի որ կոնսենսուս չեղավ։ Դա է հիմնական խնդիրը», - նշեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը շարունակելու է «քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի և միջազգային կառույցների վճռական գործողություններ» ապահովելու ուղղությամբԻսկ Ադրբեջանի համաձայնությանը հասնել, ըստ փորձագետի, հնարավոր է Բաքվի վրա միջազգային հանրության ճնշման դեպքում։ Ասում է՝ նման նախադեպ կա՝ Դարֆուրը (Սուդանի նահանգներից մեկը)։
«Դարֆուրում, որը Սուդանի մաս է կազմում, 2008 թվականին այդպիսի օգնություն հասցվել է, և դա արվել է այն պարագայում, երբ Սուդանի կառավարությունն, ըստ էության, ցեղասպանական քաղաքականություն էր իրականացնում Դարֆուրում, սակայն այնտեղ այնպիսի օրհասական վիճակ էր տիրում, որ Ալ Բաշիրն անգամ, որը հետագայում գնաց Հաագայի դատարանում դատվելու, չկարողացավ դա մերժել», - նշեց նա:
Պատերազմից ու հակամարտություններից տուժածների պաշտպանության միջազգային Ժնևյան կոնվենցիայի համաձայն՝ «եթե քաղաքացիական բնակչությունը չափից ավելի ծանր զրկանքներ է կրում իր գոյության համար՝ այնպիսի պաշարներով անբավարար ապահովված լինելու պատճառով, ինչպես օրինակ, պարենամթերքը և բժշկական նյութերը, ապա կողմերի համաձայնությամբ անցկացվում են քաղաքացիական բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործողություններ, որոնք կրում են բացառապես մարդասիրական և անկողմնակալ բնույթ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու վերաբերյալ բանակցությունները արդյունք չեն տալիս
«Օդանավակայանը հիմնովին վերանորոգված է, շենքը վերակառուցված է»
Միջազգային կազմակերպությունները տարիներ առաջ հենց այս հոդվածին էին լայնորեն հղում անում, երբ փորձում էին մարդասիրական օգնություն հասցնել Դարֆուր: Վարչապետի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանն այդ մասին սեփական փորձից գիտի։ Տարիներ առաջ նրա ղեկավարած ավիաընկերությունը նման թռիչքներ է կատարել Աֆրիկայի թեժ կետերում։
«Իմ ավիաընկերությունով բազմաթիվ թռիչքներ եմ կատարել շրջափակված Դարֆուր, որը Սուդանի արևմուտքում է գտնվում, Չադի սահմանին թռիչքներ եմ կատարել դեպի Զաիրի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան տարածք: Դա այն դեպքն է, երբ ՄԱԿ-ը որոշում է ընդունում՝ մարդկանց օգնի, որովհետև աշխարհը չի ղեկավարվում բանդիտական նորմաներով», - նշեց նա:
Ճաղարյանն ասում է՝ օդափոխադրումների համար Ստեփանակերտի օդակայանը կարող է օգտագործվել: Այն, ըստ մասնագետի, պատրաստ է նման թռիչքներ ընդունել. «Ես ծանոթ եմ նրա տեխնիկական, ֆիզիկական վիճակին, դեռևս Փաշինյանի խորհրդական աշխատելու ժամանակ ես ծանոթացել եմ այդ ամեն ինչին: Օդանավակայանը հիմնովին վերանորոգված է, շենքը վերակառուցված է, ամբողջությամբ համապատասխանում է ուղևորների և բեռների տեղափոխման կազմակերպմանը, օդանավակայանի թռիչքների դաշտը՝ թռիչքուղին վերանորոգված է, երկարացված է»:
Ստեփանակերտից այս օրերին բարձրաձայնում են մայրաքաղաքում գտնվող օդակայանի գործարկման անհրաժեշտության մասին։ Երեկ էլ նման կոչով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին դիմել է Արցախի Ազգային ժողովի նախագահը։
Օդային միջանցքի բացումը կարող է փոքր-ինչ մեղմել իրավիճակը, բայց սա խնդրի լուծում չէ. Բաբայան
Արցախի արդեն չորրոդ շաբաթը շարունակվող պաշարման ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ են տեղափոխվել Արցախ: Մինչ այդ օրական Հայաստանից Ղարաբաղ էր մտնում մոտ չորս հարյուր տոննա բեռ:
«Հիմա շատ են խոսում հումանիտար airlift-ի`օդային ճանապարհով օգնություն հասցնելու մասին: Ադրբեջանը կարող է ասել՝ դրա կարիքը չկա, քանի որ Կարմիր խաչի բեռնատարները կարող է արդեն անցնեն և բերեն օգնություն, և շեշտը դրա վրա դնի և այդպիսի տեխնիկական պատճառաբանությամբ մերժի», - հավելեց Սոսի Թաթիկյանը:
Ըստ փորձագետի, վտանգավոր է նաև խնդրին միայն հումանիտար երանգ հաղորդելը, Թաթիկյանը կարծում է, որ այս դեպքում հավասարակշռված մոտեցում է պետք. «Եթե մենք հարցին տանք զուտ հումանիտար բնույթ, մենք կարող ենք գնալ կարճատև լուծումների, իրավիճակը նորմալիզացնենք, և քաղաքական ու անվտանգային հարցերը չլուծվեն, այսինքն՝ Արցախի շրջափակումը կարող է նորմալանալ և ասել՝ ահա, ինչ-որ հումանիտար օգնություն այնտեղ մտնում է, մարդիկ դատապարտված չեն ծայրահեղ օրհասական իրավիճակի, ուրեմն թող այդպես էլ փակ մնա»:
Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ևս համոզված է՝ օդային միջանցքի բացումը կարող է փոքր-ինչ մեղմել իրավիճակը, բայց սա խնդրի լուծում չէ:
«Եթե հնարավոր լինի օդային միջանցք բացել, սա նույնպես շատ լավ կլինի մեր ժողովրդի համար: Իհարկե, պետք է նաև անվտանգությունն ապահովվի, քանի որ արդեն իսկ Արցախն անկլավ է, էսքան փոքր չի եղել որևէ անգամ իր ողջ պատմության ընթացքում», - նշեց նա:
Դավիթ Բաբայանն ասում է, որ երկարաժամկետ լուծումը պետք է լինի 2020 թվականի նոյեմբերի 9 եռակողմ հայտարարության դրույթների վերականգնումը։