Արդեն 23-րդ օրը շրջափակման մեջ գտնվող Արցախում Նարինե Բադասյանն այսօր լսել էր, որ խանութներից մեկում թթվասեր կա, երեխաներին շտապել էր ուղարկել գնումների։
«Ես աշխատանքի եմ հիմա, երեխաներին ուղարկել եմ թթվասերի հերթի, չգիտեմ՝ առել են, թե չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Նարինեն Ստեփանակերտի հացի փռերից մեկում է աշխատում։ Գրաֆիկը ծանր է, պատմեց, որ Ամանորի գիշերն էլ ընտանիքի հետ անցկացնելու փոխարեն մնացել է աշխատավայրում՝ հաց են թխել. «Այդ օրը ես ամբողջ օրը ժողովրդի համար աշխատել եմ: Ճիշտ է՝ ես մասնագիտությամբ ուսուցչուհի եմ, բայց աշխատում եմ հացի փռում, հաց ենք թխել գիշերը ժամը երեքից մինչև երեկոյան ժամը ինը: Լրիվ հերթեր էին, մի կերպ հասցրել ենք հացը հասցնել ժողովրդին: Իրոք, մեր բարի գործն արել ենք»:
Առանց մոր Ամանորը դիմավորած ընտանիքի տոնական սեղանին շատ բան չի եղել։
«Ես երեք խանութ եմ մտել, միայն թեյ եմ գտել, առել, մի քիչ էլ քաղցրեղեն, ուրիշ ոչ մի բան չի եղել: Երեխաներս են իրենց համար սեղանը դրել, խորոված են արել, տանն ինչ որ եղել է, դրել են սեղանին ու անցկացրել, մինչև ես գնացել եմ: Նոր տարվա օրը մենակ մսամթերք էր, էդ էլ տեղական մսամթերքն էր, ոչ մի այլ բան չկար, որ տեսականի սարքեինք», - ասում է կինը:
Նարինեն պատմում է, որ գրեթե դատարկ խանութներում թթվասերի հետ միասին սկսել է նպարեղեն, շաքարավազ հայտնվել, քիչ-քիչ են վաճառում, որ բոլորին հասնի. «Սկզբից որ ճանապարհները փակել ենք, արդեն մենք մի քիչ գնումներ ենք արել, դրանից հետո հիմա խանութներում ուտելիք չկա: Մեկ-մեկ բերում են մեշոկով բրինձ, ոսպ, կիլոգրամով բաժանում, պեսոկ, էդ եղել ա նոր, բայց դրանից առաջ ոչ մի բան չի եղել: Երկու-երեք օր է, որ բերում են: Ամսի 31-ին էլի կիլոյով, կես կիլոյով պեսոկ են բաժանել ամեն մի անդամին, բացի դրանից, ընդհանրապես կարտոֆիլ չկա, կաղամբ չկա, գազար: Միրգ ընդհանրապես չկա»:
Արցախի ղեկավարությունը դեռ օրեր առաջ էր հայտարարել՝ հումանիտար աղետի շեմին են։ Այսօր արդեն օրվա երկրորդ կեսին հաղորդվեց, որ պետնախարարի գլխավորությամբ տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում որոշվել է պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակներ մատակարարել խանութներ։ Թե մասնավորապես ինչ ապրանքներ, չի հստակեցվում։
«Պետնախարարը կարևորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից», - նշվում է հաղորդագրությունում:
Էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Նրանք այսօր էլ բնապահպանական կոչեր էին հնչեցնում ու հեռանալու մտադրություն, կարծես թե, չունեն, թեև Արցախում դադարեցրին Կաշենի հանքավայրի շահագործումը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարներն այսօր ևս թույլատրել են միայն ռուս խաղաղապահների մեքենաների երթևեկությունը։ Փակ հատվածով զորակազմի հինգ բեռնատար ու մեկ մարդատար մեքենա է անցել։
Նատա Մուսայելյանը հույսը չի կորցնում, որ կյանքը Արցախում շուտով առաջվանը կդառնա
22-ամյա ուսանող Նատա Մուսայելյանը հույսը չի կորցնում, որ կյանքը հայրենի Արցախում շուտով առաջվանը կդառնա։ Ծնողներն այսօր հյուրերին դիմավորելու են թփով տոլմայով, հետո թեյ կամ սուրճ կհյուրասիրեն։ Ցավոք, հիմա Արցախում ոչ մեկը ի վիճակի չէ ամանորյա ավանդական սեղանի շուրջ հավաքվել։
«Սովորական օր էր, ոչ մի Նոր տարի: Գնացինք մոմերթի՝ նվիրված եմ զոհերի հիշատակին, այնուհետև եկանք տուն սովորական օրվա նման», - պատմում է նա:
Այժմ, երբ Արցախն ավելի քան երեք շաբաթ է շրջափակված է, Նատայի և մյուսների ընտանիքներում սննդի պակասը լրացնում են պահածոներով. «Ունենք բնական պատրաստած կոմպոտներ, հյութեր, դա ենք բացելու, թեկուզ մենք տեղահանված ենք, բայց մայրիկս իր ավանդույթի համաձայն պատրաստում է ձմռան պաշար միշտ: Բացում ենք պահածոյացված լոլիկը, վարունգը»:
Արցախի առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ օրերս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 10 տոննա հումանիտար բեռը՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաները բաշխվել են բուժհաստատություններին: Դրանք կբավականացնեն ընդամենը տասն օր: Թե ինչ կլինի հետո, դեռ պարզ չէ։