Մատչելիության հղումներ

Երևանը շարունակելու է «քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի և միջազգային կառույցների վճռական գործողություններ» ապահովելու ուղղությամբ


Հայաստանը շարունակելու է նպատակամղված քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր ձևաչափերում, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում՝ այդ կառույցների մանդատից և գործառույթներից բխող վճռական արձագանք և գործողություններ ապահովելու ուղղությամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Պաշտոնական Երևանը նաև անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:

Ադրբեջանական կողմի պնդումները, թե Լաչինի միջանցքն իրականում բաց է, Երևանը միանգամայն անհիմն է որակում, ինչի ապացույցն է համարում առնվազն այն, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով է թույլատրվում կյանքի վտանգի առաջացման դեպքում սահմանափակ թվով հիվանդների տեղափոխումը Հայաստան:

«Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, և Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով եռակողմ հայտարարության դրույթները խախտված են, ակնկալում ենք նաև ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որևէ նախապայմանի վերացնելուն», - նշված է հայտարարության մեջ:

Խնդիրը դեկտեմբերի 20-ին քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ինչպես ՄԱԿ ԱԽ անդամ պետությունները, այնպես էլ Եվրադատարանը Ադրբեջանից պահանջել են ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալը օրերս հայտարարել է, որ «Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի հարցով հայտարարությունը չի ընդունվել ոչ թե Ռուսաստանին վերագրվող դիրքորոշման, այլ հայտարարության նախագիծը կազմած Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների պատճառով»:

Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը, իսկ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնանում է, հավելում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Պաշտոնական Երևանը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այդ փաստին:

«Ավելի ու ավելի զգալի է դառնում առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Շոշափելի է դառնում թերսնման վտանգը», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Արցախն աշխարհին կապող ճանապարհը մնում է փակ արդեն 23 օր: 120 հազար մարդ բլոկադայի մեջ է, իսկ պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, թե իբր ճամփան բաց է հումանիտար բեռների համար։

XS
SM
MD
LG