Եթե ճանապարհը չբացվի, մի ողջ ժողովուրդ սովամահ է լինելու. Դավիթ Բաբայան 

Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայան

Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար դատապարտող հայտարարություններից զատ, անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունները հենց այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկեն։

«Դատապարտել պետք է այդ հայտարարությունների տեսքով, և իհարկե շատ կարևոր է, որպեսզի պատժամիջոցներ կիրառեր Ադրբեջանի նկատմամբ։ Խնդիրն այն չէ, որ մենք պետք է այս ամենը ցույց տանք որպես հաղթանակ կամ պարտություն։ Պարզապես հումանիտար ճգնաժամը, ցեղասպանությունը կանխելու համար։ Ուրիշ ոչ մի բան մեզ այս պահի դրությամբ պետք չէ», - ասաց նա։

Դավիթ Բաբայանի խոսքով, միջազգային կառույցները, այդ թվում Կարմիր խաչը, ՄԱԿ-ը, հումանիտար օգնությանը զուգահեռ պետք է նաև հայտարարություններով հանդես գան՝ այլապես 120 հազար մարդ սովամահ է լինելու։ Նրա փոխանցմամբ, այս պահին Արցախում կա դեղամիջոցների, ուտելիքի, վառելիքի խիստ պակաս և 30 հազար երեխա այս իրավիճակում փորձում է գոյատևել. - «Մենք իհարկե շնորհակալ ենք, որ Կարմիր խաչը նման քայլեր է ձեռնարկում՝ տեղափոխում է բեռներ և այլն, փորձում են օգնել ըստ ամենայնի, բայց կարևոր է շատ նաև, որ քաղաքական համապատասխան մեսիջներ հնչեցվեն։ Մարդկանց օգնելը շատ լավ է, ծայրահեղ դեպքերում ինչ-որ բան տեղափոխելը շատ լավ է, բայց չէ՞ որ լավագույն տարբերակը այն է, որպեսզի այդ ահաբեկչությունը Արցախի նկատմամբ կանգենցվի։ Դրա համար նույն Կարմիր խաչը, ՄԱԿ-ը, մարդու իրավունքների պաշտպանները, տարբեր կառույցներ պետք է լծվեն այդ գործին։ Սա ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին։ Որովհետև մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում։ Ոչ մի բան... ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից ինչ-որ ակնկալիքներ են սպասում երեխաները։ Մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խնդիրը ռուս խաղաղապահի մեջ չէ,  մանդատի մեջ է. Դավիթ Բաբայան 

Արդյո՞ք Հայաստանը քայլեր ձեռնարկում է 23 օր շարունակվող այս իրավիճակը հանգուցալուծելու, Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառելու համար։ Արտաքին գերատեսչությունից խոստացան այս հարցին ավելի ուշ անդրադառնալ։

Արմեն Խաչատրյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը մինչդեռ վստահ է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են. - «Ցավոք սրտի, հայտարարությունները և դիրքորոշումները միջազգային կազմակերպությունների կողմից այդքան էլ չեն ազդում, կարելի է ասել չեն ազդում Ադրբեջանի իշխանությունների վրա, և որևէ փոփոխություններ չեղան այդքան հայտարարություններից հետո։ Հետևաբար, եթե հայտարարությունները չեն ազդում, պրակտիկան տանում է նրան, որ պետք է կոնկրետ, գործուն միջոցներ ձեռնարկվեն, այսինքն՝ պատժամիջոցներ սկսեն կիրառվել Ադրբեջանի նկատմամբ։ Եվ կարծում եմ, որ այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, և ես վստահ եմ, որ հենց էս պահին էլ տարվում է, որպեսզի հնարավորինս շատ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելով՝ նաև սկսի կիրառվել պատժամիջոցների ծրագիրը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարին աննախադեպ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեվերջին կառավարության նիստում խոսեց ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ միջազգային զորախումբ Արցախ ուղարկելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանն ընդգծեց, որ եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Արցախ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։ Պարզ չէ, սակայն, թե արդյոք պաշտոնական Երևանն ինքը պատրաստվում է նախաձեռնել ռուս խաղաղապահներն միջազգային մանդատով օժտելու գործընթաց։

Իշխող կուսակցության ներկայացուցիչն ասում է՝ ռուս-ուկրանիական պատերազմի պատճառով ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տալու գործընթացը այսօր բավական բարդ է. - «Գուցե ուկրաինական պատերազմը չլիներ, հաստատ տասնյակ անգամ շատ ավելի հեշտ կլիներ այդ հարցին անդրադառնալը, բայց այսօրվա էդ պատերազմի պայմաններում ռուսական խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելը բավականին մեծ խնդիր է, թեև Հայաստանը այս պահին աշխատելու է այս ուղղությամբ։ Շատ մեծ, դժվար հարց է և դժվար հաղթահարելի, բայց իհարկե պետք է գնալ այդ ուղղությամբ»։

Անցած տարվա վերջին վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ձևավորվեց՝ Արցախին անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելու համար։

Դեկտեբերի 30-ին գումարվել է աշխատանքային խմբի առաջին նիստը ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատյանի գլխավորությամբ։ Առաջիկայում Հայաստանի կառավարությունը հանդես կգա Արցախին օգնություն տրամադրելու կոնկրետ ծրագրերով, «Ազատությանը» փոխանցեցին փոխվարչապետի գրասենյակից, այլ մանրամասներ սակայն չհայտնեցին։