Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե գնում են նոր առճակատման. զեկույց


44-օրյա պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե գնում են նոր առճակատման, հայտարարում է Միջազգային ճգնաժամային խումբը, կանխատեսելով՝ նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց 2020-ի հակամարտությունից ոչ պակաս դրամատիկ:

Որպես հիմնավորում փորձագետները նշում են՝ վեցշաբաթյա այդ պատերազմից ի վեր Բաքուն էլ ավելի է ամրապնդել դիրքերը․ «Ադրբեջանի բանակը մի քանի անգամ գերազանցում է հայկականին, շատ ավելի լավ է զինված և վայելում է Թուրքիայի աջակցությունը։ Եվրոպայում աճող պահանջարկը ադրբեջանական գազի նկատմամբ նույնպես քաջալերում է Բաքվին»։

Հայաստանը, մինչդեռ, ըստ փորձագետների, անցած երկու տարում չի համալրել իր զորքն ու սպառազինությունը, քանի որ Ռուսաստանը՝ զենքի ավանդական մատակարարը, պաշարների պակաս ունի: Ուկրաինական ճակատում Ռուսաստանի ձախողումները մատակարարումներից բացի ազդել են նաև այլ ոլորտների վրա, փաստում են փորձագետները, որոնք պարբերաբար դռնփակ հանդիպումներ են ունենում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պաշտոնյաների հետ։

Զեկույցը, մասնավորապես, նշում է՝ 2020-ի հրադադարից հետո Ռուսաստանը խաղաղապահներ տեղակայեց Ղարաբաղում, ինչպես նաև ամրապնդեց իր սահմանապահ ուժերն ու զինվորական անձնակազմը հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որոնք 44-օրյա պատերազմից հետո դարձել էին նոր առաջնագիծ. «Գաղափարն այն էր, որ ռուսական այդ թեկուզ փոքրաթիվ զորախումբը կզսպեր Հայաստանի հանդեպ հարձակումները, քանի որ Բաքուն կզգուշանար Մոսկվայից»:

Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, սակայն, այդ հաշվարկները չիրականացան: «Ռուսական ուժերը չկանխեցին վերջին տարվա մի քանի բռնկումները: Ադրբեջանական զորքերը մարտին և օգոստոսին նոր տարածքներ գրավեցին Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ռազմավարական բարձունքներ։ Սեպտեմբերին ադրբեջանական զինուժը տարածք գրավեց Հայաստանից։ Հարձակումները գնալով ավելի արյունալի էին դառնում», - նշում է Միջազգային ճգնաժամային խումբը։

Փորձագետները պնդում են, թե Ուկրաինայի պատերազմը ստվերել է նաև հայ-ադրբեջանական բանակցությունները։ Ըստ նրանց տեղեկությունների, անցած տարեվերջին Մոսկվան ընդունել էր Եվրամիության միջնորդությունը՝ հուսալով, որ դա կամրապնդի Ռուսաստանի խաղաղարար առաքելությունը: Ուկրաինական պատերազմի բռնկումից ի վեր, սակայն, Մոսկվան Բրյուսելի այդ միջնորդությունը դիտարկում է որպես Ռուսաստանի ազդեցությունը զսպելու ևս մի փորձ, ու որքան էլ արևմտյան մայրաքաղաքները ջանում են հակառակը համոզել, Կրեմլը հրաժարվում է ներգրավվել:

«Արդյունքում, շրջանառվում է համաձայնագրերի երկու նախագիծ. մեկը հեղինակել է Ռուսաստանը, մյուսը` Հայաստանն ու Ադրբեջանն են մշակել՝ Արևմուտքի աջակցությամբ»,-նշում է զեկույցը, մանրամասնելով՝ փաստաթղթերից յուրաքանչյուրն անդրադառնում է հաղորդակցության ուղիների ու առևտրի վերականգնմանն ու հայ-ադրբեջանական սահմանի կայունացմանը, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը թողնում է առանձին՝ առայժմ չսկսված մի գործընթացի:

«Հայ-ադրբեջանական նախագիծը, որին աջակցում է Արևմուտքը, հավանաբար ավելի խոստումնալից է, մասամբ այն պատճառով, որ այն կողմերն են մշակել», - կարծիք են հայտնում փորձագետները, միաժամանակ ընդգծելով՝ պարզ չէ, այդուամենայնիվ, թե Մոսկվան ինչպես կարձագանքի, եթե այդ համաձայնությունը կայանա:

Մյուս կողմից, ըստ միջազգային ճգնաժամային խմբի, թեև կողմերը փորձում են համատեղ նախագիծ մշակել, սակայն, նրանց մոտեցումները դեռ շատ հեռու են միմյանցից։

«Բոլոր խաղաքարտերը Բաքվի ձեռքում են, և Ադրբեջանը հնարավոր գործարքից ավելի շատ կշահի, հատկապես՝ ռազմական ու արտաքին քաղաքականության առումով, քան եթե փորձի այդ նպատակներին հասնել ռազմական ճանապարհով», - նշում են փորձագետները, զգուշացնելով՝ վտանգն այն է, սակայն, որ բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի, և կամ՝ հերթական ռազմական բախումը կխորտակի թե՛ Մոսկվայի, թե՛ Արևմուտքի հովանավորած ուղիները, ու Ադրբեջանը ուժով կվերցնի այն, ինչ կարող է»։

XS
SM
MD
LG