Երևանի իրարամերժ գործողությունները վկայում են, որ ծրագիր չկա, կան ուղղակի այսրոպեական լուծումներ․ Արեգ Քոչինյան

Երևանից հնչող հայտարարությունները Մոսկվայի հասցեին ուրախալի են, ոգևորող, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը միևնույն ժամանակ հարց բարձրացնելով՝ իսկ որքանո՞վ է պատրաստ է Հայաստանը հետևանքներին։

Ըստ Քոչինյանի՝ պաշտոնական Երևանի իրարամերժ գործողությունները վկայում են, որ Հայաստանը ծրագիր չունի, կան ուղղակի այսրոպեական լուծումներ։

Քոչինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Քոչինյան․ - Հայտարարությունները, որ հնչում են պաշտոնական Երևանից իհարկե դրանք ուրախալի են, ոգևորող են՝ «այ, վերջապես, Ռուսաստանին պատասխան ենք տալիս» և այլն, բայց ինձ մի հարց է հուզում՝ ինչքանո՞վ ենք մենք պատրաստված դրա հետևանքներին և ինչքանո՞վ է դա որևէ ծրագրի մասնիկ կազմում։ Արվում է որևէ հայտարարություն իքս պաշտոնյայի կողմից, էկան չէ ԱԽ քարտուղար, ԱԳՆ, վարչապետ, ինչքանո՞վ է այդ հայտարարությունը ոչ թե այսրոպեական, էմոցիոնալ պոռթկում կամ քաղաքական գնահատական թեկուզև, այլ ինչ-որ ծրագրի էլեմենտ։

«Ազատություն»․ - Օրինակ, ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու առաջին քայլը։

Քոչինյան․ - Այո՛, ընդ որում, սա ոչ միայն հայտարարությունների, այլ նաև գործողությունների մասին է։ Հիմա տեսեք, օրինակ, եթե մենք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ չենք ստորագրում երկու փաստաթուղթ և ամբողջ աշխարհին, ըստ էության, մեսիջ ենք ուղարկում, որ Հայաստանը պրոբլեմ ունի ՀԱՊԿ-ի հետ, ՀԱՊԿ-ն էլ, ըստ էության, պրոբլեմ ունի, ու ստեղ խնդիրներ են առաջացել, բացի դրանից երկու օր հետո Հայաստանի ԱԺ նախագահը վեր է կենում, գնում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովին, այսինքն՝ որևէ պարտավորություն անգամ այնտեղ ներկա լինելու Հայաստանը չուներ, այ էս իրարամերժ գործողությունները գալիս են վկայելու, որ, ամենայն հավանականությամբ, ծրագիր չկա, կան ուղղակի այսրոպեական ինչ-որ լուծումներ։

«Ազատություն»․ - Ձեզ բավարարո՞ւմ է Արևմուտքի արձագանքը։

Քոչինյան․ - Իհարկե չի բավարարում։ Ես, ինչպես և բոլորս, կուզենայինք շատ ավելի մեծ արձագանք տեսնել, բայց այստեղ էլ իմ հարցերն ավելի շատ ուղղված են մեզ, քան Արևմուտքին․ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանի վարչապետը մեկնում է ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ գագաթնաժողովին, որտեղ բոլորը կայացած ավտորիտար համակարգերի ներկայացուցիչներ են՝ Տաջիկստան, Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, բա ոնց որ չի բռնում, հասկանում եք՝ և՛ ակնկալիք ունենալ Արևմուտքից, և՛ Արևմուտքի թշնամու հետ նման բարձր մակարդակի ինտեգրացիա ունենալ։ Ես չեմ ասում, որ ֆրանսիական լեգիոնները գալու են և այլն, չէ, կա քաղաքական հաշվարկ հետևյալի, որ եթե մենք մնում ենք այդ գոյություն ունեցող ճարտարապետության մեջ, այսինքն՝ Ռուսաստանի դաշնակից, ՀԱՊԿ անդամ և այլն, ըստ իս, երաշխավորված է, որ իրավիճակն ավարտվելու է կա՛մ միջանցք տալով, կա՛մ միութենական պետություն մտնելով, կա՛մ հերթական պատերազմ, էդ հերթական պատերազմում ջախջախիչ պարտությամբ։

Քոչինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․