Մատչելիության հղումներ

Արցախում որոշել են ժամանակավորապես դադարեցնել Կաշենի հանքավայրի շահագործումը


«Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը մինչև միջազգային էկոլոգիական փորձաքննության ավարտը, հայտնում է Արցախի կառավարությունը:

Նշվում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի էկոակտիվիստներ ներկայացող անձանց ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը՝ որոշել են դիմել միջազգային կազմակերպություններին՝ գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

«Բեյզ Մեթըլս» ընկերությունը Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործողն է, այն Արցախի խոշորագույն հարկատուներից է։

«Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար», - ասված է հայտարարության մեջ:

Այս հաղորդագրությունը հետևեց այսօր տարածվող լուրերին, թե ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովը բանակցություններ է վարել Արցախի իշխանությունների հետ:

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքը փակել է դեկտեմբերի 12-ից՝ բնապահպանական պատճառաբանություններով։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե մոնիտորինգ են սկսում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում, նույն օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել էին հանքեր մտնել, բայց արցախցիների արգելքին էին հանդիպել:

XS
SM
MD
LG