Մատչելիության հղումներ

Իշխանականներն ասում են՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու փաստացի առաջարկի ականատես չեն եղել


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի երեկվա կոշտ հայտարարությունից հետո իշխանականներն այսօր զգուշավոր էին, ասում էին՝ կոնկրետ խոսակցության ներկա չեն եղել, որի ընթացքում արտաքին քաղաքական պատասխանատուներից լսած լինեն, որ որևէ պետություն Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ Հայտարարությունը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր արել, Լաչինի միջանցքի փակումն էլ, հավելել, այդ ճնշումների շրջանակներում է։

Պեսկովը Գրիգորյանի հայտարարությանն անմիջապես արձագանքեց՝ որակեց սադրիչ, իրականությանը չհամապատասխանող, թե ռուս պաշտոնյաներից որևէ մեկը նման բան է ասել կամ մեկի միջոցով փոխանցել հայկական կողմին։

Չնայած հարցազրույցի կոնտեքստն այդպիսին էր, բայց պաշտոնյան չհստակեցրեց՝ կոնկրետ որ երկիրը կամ երկրներն են ճնշումնեչ բանեցնում, արդյոք դրանք ռուս-ադրբեջանական համաձայնություններ են։ Հարցազրույցից հետո ընդդիմադիրներն ու ոչ միայն նրանք իշխանությունից կոնկրետություն են պահանջում։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է՝ տարբեր շփումներից է Անվտանգության խորհրդի քարտուղարի մոտ այդպիսի տպավորություն ստեղծվել, քան կոնկրետ առաջարկ է եղել։ Իր հետ զուգահեռներ անցկացրեց, Ռուսաստանի վարած քաղաքականությունից դատելով ինքն էլ է եզրահանգել, որ այդպիսի ցանկություններ հավանաբար կան Մոսկվայի մոտ։ Տեսնում է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը մեկը մյուսին փաստի առաջ չեն կանգնեցնում, գործողությունները համաձայնեցնում են նաեւ Լաչինի միջանցքի շուրջ։

«Չեմ կարծում, որ ուղղակի առաջարկ է արվել, հավանաբար տարբեր շփումներից եզրակացության է եկել, որ նմապատակը դա է: Կարծում եմ՝ պիտի ավելի շրջահայաց արտահայտվի {ԱԽ քարտուղարը-խմբ.} կամ փաստերից խոսի: Ես իրենից փաստեր չեմ ուզում, ինքը եթե փաստեր ունի, պիտի հնչեցնի», - ասաց պատգամավորը:

Որ Ռուսաստանից կամ Բելառուսից միութենականի մաս դառնալու պաշտոնական առաջարկ է եղել, տեղյակ չէր նաև Հովիկ Աղազարյանը. «Առաջարկն ուրիշ բան է, ճնշումն ուրիշ բան է: Պարոն Գրիգորյանը, ըստ երևույթին, նկատի ուներ ճնշումը՝ այն ֆոնը, որ գոյություն ունի: Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական առաջարկությանը, համենայն դեպս ես՝ որպես պատգամավոր, իմ գործառույթների շրջանակներում այդպիսի փաստաթղթի ծանոթ չեմ»:

Իշխանական ՔՊ-ի մեկ այլ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը շեշտեց՝ իր կարծիքն է ասում՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցված մղում են Հայաստանին միութենական պետություն, նաև միջանցք ուզում, Լաչինը՝ փակումը։

«Ես այդպիսի հանդիպումներ, այդպիսի առաջարկներ չեմ լսել, բայց Լուկաշենկոն, որ ասում էր`куда вы денитесь армяни?, ես դրանից ելնելով եմ ասում: Հիմա ողորմածիկ Ժիրինովսկին որ չկա, Լուկաշենկոն ՝ այդ դերը ստանձնել: Բառացի ինքն ասեց՝ ո՞ւր պիտի գնաք, այստեղ պիտի գաք: Ես չեմ կարա ասեմ՝ Արմեն Գրիգորյանն ում նկատի ուներ, Դուք ինձ հարցնում եք՝ ո՞վ կարող է դա անել, ես ասում եմ, որ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան: Դա իմ կարծիքն է զուտ, ես իշխանությունների կարծիքը չեմ ասում: Ես իշխանության ներկայացուցիչ եմ, ասում եմ իմ կարծիքը», - շեշտեց նա:

Հոկտեմբերին, երբ վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» մի անանուն հոդված լույս տեսավ, ըստ որի Ռուսաստանն ուզում է Հայաստանին դարձնել Միութենական պետության մաս», Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ինքը նման տեղեկություն չունի։ Կրեմլը այդ ժամանակ էլ հակադարձեց՝ հրապարակումը որակելով «ակնհայտ անհեթեթություն»։

«Ազատությունը» դիմել է Անվտանգության խորհուրդ պարզաբանման համար, նաև իմանալու՝ եթե եղել է միութենական պետությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ, ինչո՞ւ չի հանրայնացվել։ Պատասխան դեռ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG