Միրզոյանի այցը Մոսկվա չեղարկելու  որոշումը քաղաքական դեմարշ չէ 

Հայաստանի արտգործնախարարի` Լավրովի և Բայրամովի հետ Մոսկվայում համաձայնեված այցը չեղարկելու որոշումը քաղաքական դեմարշ չէ՝ ուղղված Ռուսաստանին և Ադրբեջանին։ Պատճառը զբաղվածությունն է, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը («Քաղաքացիական պայմանագիր»)՝ մանրամասնելով, թե Հայաստանի դիվանագիտությունը, այդ թվում նախարար Միրզոյանն այժմ իրենց ներուժը կենտրոնացրել են Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հետաձգեց մոսկովյան այսօրվա հանդիպումը, քանի որ, ըստ քաղաքագետի, Բաքուն փորձելու էր ճնշել, նոր լուծումներ պարտադրել

«Այս իրավիճակում Ռուսաստանի պարտավորությունն է ապահովել Հայաստանի անխափան կապը Լեռնային Ղարաբաղի հետ։ Եվ նաև Ադրբեջանը չպիտի խոչընդոտի այս կապին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խանդանյանը։

«Ազատություն». - Ինչո՞ւ չի անում Ռուսաստանը։

Խանդանյան. - Ես կարծում եմ, բավարար ջանքեր կենտրոնացնելու խնդիր կա, և ենթադրում եմ, որ հավելյալ ջանքեր գործադրելու դեպքում Ռուսաստանը կկարողանա հանգուցալուծել այս իրավիճակը։

Արդյո՞ք ճիշտ չէր մեկնել և նոյմեբերի 9-ի հայտարարությունը ստորագրող մյուս երկու կողմերից հենց տեղում պահանջել, որ բացեն միջանցքը։ Այս հարցին իշխանական պատգամավորը պատասխանեց՝ Հայաստանը հրապարակավ դիրքորոշումը հայտնել է թե' ռուսական և թե' ադրբեջանական կողմին։

Տիգրան Աբրահամյան

Ընդդիմությունը, մինչդեռ, կարծում է, որ սա լավ առիթ էր հարցը բարձրացնելու համար. - «Հիմնավորումը, որ արտգործնախարարը զբաղված է Լաչինի միջանցքի հետ կապված հարցերով... ակնհայտ է, որ այդ հանդիպմանը Լաչինի միջանցքի հարցը ևս պետք է քննարկման առարկա լիներ։ Եթե նույնիսկ օրակարգում չկար էլ, ինչը չէր կարող այդպես լինել, ապա այդ պարագայում հասկանալի է, որ Հայաստանը ցանկացած պահի կարող էր նաև օրակարգի հարց դարձնել» (Տիգրան Աբրահամյան, «Պատիվ ունեմ»)։

Աբրահամյանի խոսքով՝ հստակ չէ, թե իրականում ինչ է տեղի ունենում կուլիսներում։ Ընդդիմադիր գործիչը իշխանության գործողություններում հակասություն է տեսնում․ մի կողմից, Երևանը շարունակում է չբացառել մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը, մյուս կողմից՝ Հայաստանի արտգործնախարարը հրաժարվում է Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի արտգործնախարարին։

Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ որոշակի ճնշումներից խուսափելու համար է գուցե հայկական կողմը հրաժարվել մասնակցել այդ հանդիպմանը. - «Եթե բաներ կար, որոնք ուժի, շանտաժի միջոցով փորձ էր արվում Հայաստանին ճնշել, և Հայաստանը պատրաստ չէր այդ քննարկմանը կամ այդ բանակցություններին, ապա մի՞թե այդ իրավիճակում ճիշտը պարզապես չգնալն էր»։

Արմեն Ռուստամյան

«Հայաստան» խմբակացության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով նույնպես, պետք է հասկանալ՝ արդյո՞ք հենց այդ հանդիպմանը Լաչինի միջանցքի հարցը բարձրացնելու հնարավորություն չկար. - «Եթե իրենք համարում են, որ էստեղ չկար էդպիսի հնարավորություն, իսկ ես համարում եմ, որ արդյուամենայնիվ կար, չէր կարող դա իրարից անջատվեր։ Դա հենց առիթ է, որ ասես, որ Ադրբեջանը եթե որոշել է, որ Հայաստանի հետ միայն պետք է խաղաղության համաձայնագիր կնքի և շրջանցի, անտեսի Ղարաբաղի հարցը, սա հարմար առիթ էր ցույց տալու համար, որ դա հնարավոր չէ։ Կարելի էր գնալ և դա ասել»։

Ինչո՞ւ Ռուսաստանը այնուամենայնիվ չի կատարում իր պարտավորությունը և չի բացում Լաչինի միջանցքը։

Դաշնակցական Արմեն Ռուստամյանի համոզմամբ, պատճառը կարող է լինել այն, որ ռուս խաղաղապահների մանդատը հստակեցված չէ, Ադրբեջանը չի ստորագրել այն հավելվածները, որոնք սահմանում են ռուսական առաքելության իրականացման կարգը. - «Հարցը էստեղ, որ երբ որ շեշտադրվում է եռակողմի վրա, էդպիսի եռակողմ համաձայնություն մանդատի հստակեցման առումով գոյություն չունի, դժբախատաբար։ Եվ սա, կարծում եմ, բացթողումն է թե' մեր կողմի, թե' բոլորի։ Չի կարող մեխանիզմներ չլինել, բայց ասել՝ գնացեք վերահսկեք տարածքները։ Իսկ եթե խոչընդոտներ են առաջանում, ինչպե՞ս, ի՞նչ լիազորություններով դա պետք է վերացվի։ Սրանք հարցեր են, որոնք պետք էր հստակեցնել։ Բայց ես կարծում եմ, սա հիմա առիթ է, մյուս բանակցելու թեման է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախում ստեղծված իրավիճակը Միրզոյանը քննարկել է ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետԼաչինի հարցը, խաղաղության պայմանագիրը՝ Լավրովի ու Բայրամովի քննարկման առարկա առանց Երևանի մասնակցությանԱրցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնել ռուս հրամանատարին՝ պահանջելով բացել ճանապարհըՌուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարել է Լավրովը Լավրով-Բայրամով հանդիպմանը քննարկվել է Լաչինի միջանցքի իրավիճակը

Մինչդեռ Տիգրան Աբրահամյանը ռուս խաղաղապահների պահվածքը բացատրում է աշխարհաքաղաքական գործընթացներով։ Նրա համոզմամբ՝ ռուս- ուկրաինական ճգնաժամի պայմաններում, երբ Արևմուտքը խիստ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, Մոսկվան արտաքին աշխարհի հետ կապը պահելու մի քանի կարևոր ուղղություն ունի, որոնցից մեկն էլ Թուրքիան է։ Այս տեսնակյունից, այն տարածաշրջաններում, որտեղ ներկայացված է Թուրքիան, Ռուսաստանը փորձում է խնդիրները կարգավորվել հնարավորինս մեղմ և քաղաքական որոշումների միջոցով. - «Բայց ես կարծում եմ, որ ինչ-որ փուլում Ռուսաստանը ստիպված է լինելու գնալ շատ ավելի կոշտ միջոցների։ Այդ կոշտ միջոցները կլինեն այդ պահին ճանապարհը ամեն գնով բացելը, թե կլինի այլ ճակատում Թուրքիայի հետ այլ բան պայմանավորվելը... որովհետև միջանցքի փակ լինելը յուրաքանչյուր օր հեղինակազրկում է Ռուսաստանի Դաշնությանը»։

Իշխանությունից նույնպես չեն բացառում, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքը չեն բացում Ռուսաստանի վրա բանեցվող ճնշումների պատճառով։

Արմեն Խաչատրյան

Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը փակագծեր բացեց. - «Պարզ չի՞, որ Ադրբեջան, Թուրքիա... սա շատ հասկանալի է, որ այդպիսի խնդիրներ են առաջանում»։

Խաչատրյանը միաժամանակ վստահ է, որ Լաչինի միջանցքը առանց նախապայմանների ի վերջո բացվելու է։ Թե երբ և ինչի արդյունքում՝ չհստակեցրեց։