ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ առանձին հեռախոսազրույցներում հորդորել է Բաքվին և Երևանին դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ լարվածությունը և հիմք կդնեն բարիդրացիական հարաբերությունների համար, հաղորդում է Սպիտակ տունը:
«Զրույցների ընթացքում նրանք գնահատեցին առաջընթացը սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում կայացած իրենց համատեղ հանդիպումից հետո Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ անցկացվող խաղաղ բանակցություններում: Բոլորը վերահաստատեցին իրենց հանձնառությունը բանակցություններին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, Սալիվանը նշել է ԱՄՆ-ի պահպանվող մտահոգությունը Լաչինի միջանցք մուտքի խոչընդոտման և այդ իրավիճակի ահագնաց հումանիտար հետևանքների կապակցությամբ ու կոչ է արել ամբողջովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը:
Էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ արդեն12-րդ օրն է արգելափակում են Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը:
Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում: