Մատչելիության հղումներ

«Երկու լավ լուր ունեմ. ապաշրջափակվելու ենք՝ ինչպես 90-ականներին, և ՔՊ չի լինելու». ընդդիմադիր պատգամավոր


Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյան («Հայաստան»)
Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյան («Հայաստան»)

Արցախի շրջափակման 12-րդ օրը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազգային ժողովում հավաստիացրեց՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որ ադրբեջանցիները բացեն Լաչինի միջանցքը։

Թե կոնկրետ ի՞նչ քայլերի մասին է խոսքը՝ Գրիգոորյանն այս անգամ էլ չմանրամասնեց. - «Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր իշխանությունը համատեղ լայնածաված աշխատանքներ է կատարում իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացումը տեղի ունենա և Լաչինի միջանցքի գործառույթը վերադառնա իր նախկին կարգավիճակին»։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու հեռանկարի, Արցախում հումանիտար աղետի ու այդ ուղղությամբ իշխանության քայլերի մասին Անվտանգության խորհրդի քարտուղարի ասելիքն այսքանով ավարտվեց։ Նա կտրուկ անցավ Ազգային անվտանգության ծառայության բարեփոխումների նախագծերին, որոնց համար էլ խորհրդարան էր եկել։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը իշխանականներին առաջարկեց կտրվել իրենց օրակարգից ու տեղափոխվել իրականություն. - «Թույլ տվեք ձեզ բերել իրական օրակարգ։ Արցախը շրջափակված է։ Քարվաճառը հանձնված է։ Երկրորդ ճանապարհ չկա։ Ծայրահեղ սահմանային իրավիճակ։ Նոր բան չէ։ 1990-92-ին էլ էր Արցախը շրջափակված բոլոր կողմերից։ Հայաստանի հետ միակ կապը ուղղաթիռն էր։ Բայց կա մի աննշան տարբերություն։ Այն ժամանակ և Արցախում, և Հայաստանում իշխանություն կար։ Երկուսի նպատակը նույնն էր. անկախ պետականություն և Արցախ»։

Ընդդիմադիր պատգամավորի ելույթը խորհրդարանում քննարկվող նախագծերի հետ կապ չուներ։ Նա խոսեց Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակից։ Ճգնաժամը հանգուցալուծելու քաղաքական, պետական կամք չկա թե' Արցախում, թե' Հայաստանում, ասաց Վարդանյանը։ Իշխանությունների քաղաքականությունը մուրացկանությունն է. - «Հարգելի խորհրդարան, բայց երկու լավ նորություն ունեմ։ Առաջին, ինչպես 90-ականներին, ապաշրջափակվելու ենք։ Բոլոր առումներով։ Հայաստանը, Արցախը տարածաշրջանում գործոն են դառնալու։ Երկրորդ լավ նորությունը՝ ՔՊ չի լինելու»։

«Պարոն Վարդանյան, տպավորություն է, որ 2007 թվականի ելույթ էր, դարակից հանել էիք և ընթերցեցիք», - արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիր պատգամավորի ելույթի վերջաբանը՝ Փաշինյանի իշխանության կորստի կանխատեսումը, վրդովեցրեց իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին. - «Իրոնիկ ա էլի, ասում ա ՔՊ չի լինելու։ Եվ ինքը հիմա չկա, գոնե դահլիճում։ Ես հիշեցի 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո էսօրվա ընդդիմադիրները բան էին անում, մրցավազք էին սկսել, թե երբ այլևս չի լինելու Հայաստանում ՔՊ-ի իշխանությունը՝ մինչև Նոր տարի չի լինելու ՔՊ-ի իշխանությունը, մինչև Զատիկ չի լինելու ՔՊ-ի իշխանությունը»։

Իշխանականները Արցախի ու Լաչինի միջանցքի թեմայից կտրուկ անցան իրենց բարեփոխումներին՝ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագծին։ Այն ընդունվեց միայն «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով։ Ընդդիմությունը դեմ քվեարկեց;

Փաշինյանի թիմակիցները այս կառույցի ստեղծումը խիստ կարևոր են համարում, քանի որ, ըստ նրանց, այդպիսով Սփյուռքում ապրող հայերը կարող են ներգրավվել ազգային անվտանգության գործում, կարևոր տեղեկություններ հայտնել։

Գուրգեն Արսենյան
Գուրգեն Արսենյան

«Սովետական Միության անվտանգության կոմիտի գեներալ-լեյտենանտ Կալուգինը... երևի հիշում եք իրա ասած մի հարցազրույց։ Այդ մասին խոսացել է նաև Տեր-Պետրոսյանը։ Որ Սովետական Միության արտաքին հետախուզության ծառայությունը լրջագույն հաջողությունների էր հասել իր գործակալական ցանցը ստեղծելու, զարգացնելու ուղղությամբ, այդ թվում նաև հայկական սփյուռքում գործող կառույցներում», - ասաց Գուրգեն Արսենյանը («Քաղաքացիական պայմանագիր)։

Ազգային անվտանգության հարցերով մտահոգ իշխանականներին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խորհուրդ տվեց այսօրվա կասկածելի դեմքերով զբաղվել։ Ըստ նրա, կան մարդիկ, որոնք հակառուսական քարոզչությամբ են զբաղված, և դա էլ պակաս վտանգավոր չէ Հայաստանի անվտանգության համար. - «Ուզում են ապացուցել, որ, օրինակ, սեպտեմբերի 13-ին ռուս զինծառայողներն են հայ զինծառայողներին սպանել։ Որ Արցախը Հայաստանից կտրել են ոչ թե թուրքերն ու ադրբեջանցիները, այլ ռուսները»։

Գեղամ Նազարյան
Գեղամ Նազարյան

Ազգային ժողովի խոսնակը պատգամավորին զգուշացրեց, որ ավարտի ելույթը։ Իսկ երբ Նազարյանը հորդորեց չհիշել անցած երեսուն տարին, երբ հազարավոր զոհեր չկային, Սիմոնյանն անջատեց նրա խոսափողը։

«Էդ անցյալում չորս հազարից ավելի մարդ չէր սպանվել պատերազմում, էդ անցյալում Շուշին չէինք կորցրել...» - ասում էր Նազարյանը, երբ Սիմոնյանը հրահանգեց անջատել խոսափողը և ասաց. - «Անցյալից խոսալուց հիշեք ում կուսակցությունով եք ստեղ հայտնվել, առաջի համարը ով ա ձեր»։

Գեղամ Նազարյանը, ում զոհերից խոսելու համար նախատեց Ալեն Սիմոնյանը, տասնութամյա որդուն կորցրել է 44-օրյա պատերազմում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG