Շրջափակման մեջ հայտնված Արցախի պետնախարարը կարևոր ու կտրուկ է համարում աշխարհի արձագանքը, որ հնչեց գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
«Ամբողջ աշխարհի, բոլոր երկրների արձագանքը շատ կտրուկ էր և պարզ՝ սա անընդունելի է», - ասում է Ռուբեն Վարդանյանը։
Պետնախարարը շեշտում է, որ ճանապարհն առանց նախապայմանների պիտի բացվի։ Արցախի պետնախարարը որևէ կերպ չի արձագանքում Ռուսաստանի ներկայացուցչին, որը հայտարարել էր, թե համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպան փորձագետների՝ Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր այցելությունների չափանիշները։
Արդյո՞ք պաշտոնական Ստեփանակերտը բացում է Կաշենի հանքավայրը ադրբեջանական փորձագետների առջև, ի՞նչ չափանիշներ են քննարկվում։ Այս պահին որևէ տեղեկություն Արցախից հնարավոր չէ ստանալ. Արցախի նախագահի, պետնախարարի, Անվտանգության խորհրդի մամլո խոսնակները անպատասխան են թողնում մեր բոլոր հեռախոսազանգերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախն ինքնուրույն չի կարող դիմակայել այս մարտահրավերին, պետք է գործեն միջազգային նորմերը․ Արտակ Բեգլարյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ճանապարհը բացելու նախապայմաններ է դնում. Արտակ ԲեգլարյանԱրցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որ միջանցքի փակման հետևանքով Երևանում է մնացել ու նստացույց է անում, ասաց, որ բանակցություններից տեղյակ չէ, լիազորված չէ նաև խոսել այս թեմայով. - «Բանակցություններում կարող են բազմաթիվ հարցեր քննարկվել, տարբերակներ քննարկվել, բայց իրենք առ այսօր որևէ մուտք չեն ունեցել մեր հանքեր»։
Ռուսաստանը հայտարարում է նաև, որ Լաչինի միջանցքը մասնակի գործում է՝ հավանաբար նկատի ունենալով այն, որ բլոկադայի տասը օրերին այդտեղով անարգել անցել են ռուս խաղաղապահների բեռները և ընդամենը մեկ հայկական շտապօգնության մեքենա, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ կարողացել է Ստեփանակերտից Երևան հասցնել ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդի։
Տասը օր է Հայաստանից Արցախ որևէ մեքենա չի մտել, մեծ ու փոքր խանութներում վաճառասեղանները դատարկվում են, խորանում է դեղորայքի ու սննդամթերքի ճգնաժամը։
«Չունեմ էս պահին գրեչկա, բրինձ, շաքարավազ, ոսպ, երշիկեղենս էլ վերջանում ա։ Տասը օր ա, ես ոչ մի տեղից ապրանք չեմ ստանում, բայց եղածն էլ քիչ-քիչ եմ տալիս ժողովրդին, որ բավարարվեն էդքանով։ Տեսնենք ինչ կդառնա...» - ասում է վաճառող Ռիտա Գալստյանը։
«Հիմնականում էս պահին մեր խանութում չունենք հնդկաձավար, բրինձ, մակարոնեղերի տեսակներից մնացել ա քիչ քանակությամբ, շաքարավազ ընդհանրապես չունենք», - ասում է մեկ այլ խանութի աշխատակից Մարինե Խաչատրյանը։
Ամեն օր Հայաստանից 400 տոննա բեռ էր ուղևորվում դեպի Ստեփանակերտ։ Խանութներն արդեն ամանորյա պաշարն են սպառում ու համալրում չկա։
Ստեփանակերտցի Վազգեն Ալավերդյանը մի քանի խանութ էր մտել՝ հնդկաձավարի ու ձեթի փնտրտուքով։ Երշիկ են առաջարկում, չի ուզում։
Իսկ Շուշիի Քարինտակ հատվածում ճանապարհը փակած ադրբեջանցի ցուցարարներն անընդհատ թարմացնում են պահանջները։ Այսօր էլ միջանցք են եկել մի քանի կանայք ՝ «Խանքենդի, Անտառային փողոց, տուն 12», «Էնգելսի փողոց» ցուցանակներով։ Նրանք պնդում են, որ Խանքենդիում, այսինքն՝ հայկական Ստեփանակերտում են ծնվել։ Հիշում են, որ հեքիաթային քաղաք է, ուզում են այնտեղ ապրել։
Բայց առայժմ միջանցքում են։ Առավոտյան ձյուն էր, ադրբեջանցիները նախօրոք ավազ էին կուտակել։ Երեկոյան ցրտին խարույկներ են վառում , նրանց նաև շատ կազմակերպված առաքում են տաք ձեռնոցներ, ծածկոցներ։
Իսկ Արցախի առողջապահության նախարարությունը շարունակում է մտահոգիչ թվեր հրապարակել։ Արցախի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում ավելի քան երկու տասնյակ ծանր հիվանդներ կան, նրանցից 8-ը երեխաներ, անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք ունեն: Միակ հիվանդը, որին հաջողվել է Կարմիր խաչի միջնորդությամբ Երևան բերել՝ այսօր վիրահատվել է Նորք Մարաշ բուժկենտրոնում, վիճակը կայուն է։
Արցախից մի դրական լուր կա՝ բլոկադայի օրերին 26 փոքրիկ է ծնվել, 13 աղջիկ ու 13 տղա։ Ստեփանակերտի քաղաքապետարանն էլ որոշել է շրջափակման դժվարությունները երեխաների համար մի քիչ մեղմել ամանորյա լույսերով։ Ուրբաթ օրը քաղաքի Օղակաձև պուրակում վառելու են տոնածառի լույսերը։ Ստեփանակերտի գլխավոր՝ Վերածննդի հրապարակում տոնածառ չի տեղադրվում 44-օրյա պատերազմից հետո։