Մատչելիության հղումներ

Եթե Անվտանգության խորհրդում Լաչինի հարցի շուրջ կոնսենսուս կար, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հանդես չեկան բանաձևով. Լևոն Զուրաբյան


Պաշտոնական Երևանը ողջունում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի (Ախ) անդամների հայտարարությունները, որոնցում նրանց մեծ մասը պահանջեց ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը արդարացի և սկզբունքային է համարել Անվտանգության խորհրդի անդամների կեցվածքը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակ ցույց է տալիս Ադրբեջանի արգելափակված Լաչինի միջանցքի անմիջապես և առանց նախապայմանների բացման հարցում միջազգային ուժեղ և միանշանակ կոնսենսուսը։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի», - Թվիթերում գրել է արտգործնախարարը։

Դեռ երկար ժամանակ պետք է անընդհատ պատրաստվենք հնարավոր սադրանքների. Ալեն Սիմոնյան

Թեև պարզ չէ՝ միջազգային հանրությունը ինչ քայլեր կձեռնարկի նյույորքյան քննարկումից հետո կամ ընդհանրապես կձեռնարկի, թե՝ ոչ, բայց ըստ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ ՄԱԿ-ում երեկվա քննարկումից հետո Բաքուն որոշ չափով փակուղում է հայտնվել։

«Մենք շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, որը որ հասու է ՀՀ-ին, որը Հայաստանի Հանրապետությանը չի ներքաշի մեկ այլ որևիցե պրոցեսի մեջ, շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները: Ես խոսում եմ նախևառաջ քաղաքական պրոցեսների մասին», - ասաց նա:

Միաժամանակ ԱԺ նախագահը չթաքցրեց հայկական կողմի դժգոհությունը Ռուսաստանի ներկայացուցչի ելույթից, որն, ըստ Սիմոնյանի, կարող էր լինել հասցեական. «Դա արեցին երկրներ, որոնք ընդհանրապես Հայաստանի հետ որևէ սերտ կապեր չունեն, և կարծում եմ՝ կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ միևնույն ժամանակ չի կարողանում և չի ուզում: Չգիտեմ, համենայն դեպս, ես զարմացած չեմ, այս վերջին գործողությունները, վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է, որ Ռուսաստանի կողմից նման ձևով լինի արձագանք, և նման ձևով հնչի գնահատականը, երևի նաև այն պատճառով, որ հենց ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, այսինքն՝ իրենք այդ ձևով ուզում են նվազեցնել այն իրավիճակը, որն իրենց պատասխանատվության գոտում է, որպեսզի իրենց վրա շատ պատասխանատվություն չվերցնեն»:

«Միգուցե օրինակ՝ տեղ չհասնեմ, միգուցե այլ տեղ հասնեմ, միգուցե ընդհանրապես սպանեն». Արտակ Բեգլարյան

Պաշտոնական Բաքուն արդեն արձագանքել է երեկվա քննարկմանը՝ կեղծ որակելով ու հերքելով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները։ Արտգործնախարարությունը նաև «կողմնակալ ու միակողմանի» է համարել Անվտանգության խորհրդի անդամ որոշ երկրների դիրքորոշումը։ Ավելին՝ երեկ ՄԱԿ-ի ամբիոնից ադրբեջանցի դիվանագետը պնդում էր, թե ճանապարհը բաց է։

«Միգուցե օրինակ՝ տեղ չհասնեմ, միգուցե այլ տեղ հասնեմ, միգուցե ընդհանրապես սպանեն, օրինակ եմ ասում, երաշխավորվա՞ծ եմ ես, Ադրբեջանը ճանապարհի հանդեպ, իմ հանդեպ, այլ ուղևորների, այլ քաղաքացիների հանդեպ ի՞նչ գործողություն է կատարելու, խնդիրն այստեղ է: Ադրբեջանն ուղղակի կեղծիքով է զբաղվում, ինչպես միշտ», - ասում է ավելի քան մեկ շաբաթ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև շուրջօրյա նստացույց անող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Նա, ողջունելով միջազգային բարձր ամբիոնից հնչած կոչերը, այժմ սպասում է հաջորդ քայլին՝ եթե Բաքուն չբացեց ճանապարհը, Հայաստանի դիվանագիտական ջանքերը պետք է ուղղվեն Ադրբեջանի նկատմամբ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների կիրառմանը։

«Եթե այլ միջազգային կառույցներ պարտավոր են տվյալ երկրի հետ հաշվի նստել, այսինքն՝ երկրի իշխանությունների, կառավարության հետ համաձայնեցնել իրենց գործողությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բացառիկ լիազորություն ունի նույնիսկ ուժ կիրառելու, որպեսզի օրինակ՝ միջազգային կարգի խաղաղության դեմ, մարդկության դեմ կատարված հանցագործությունները կանխի կամ դադարեցնի: Այս տեսանկյունից, այո, ՄԱԿ-ի բազմաթիվ լիազորություններ ունի, բայց դժվար է հասնել դրան», - նշեց արցախցի պաշտոնյան:

Բեգլարյանը չի բացառում, որ կդադարեցնի բողոքի ակցիան, թեև նշում է՝ իրենց նպատակը հենց միջանցքի բացումն է։

Կոչերին պետք է հստակ գործողություններ հետևեն բանաձևերի տեսքով. Արթուր Խաչատրյան

Արդյո՞ք Ադրբեջանը կանսա ՄԱԿ-ի ամբիոնից հնչած ելույթներին՝ Արցախը ազատելով շրջափակումից։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ընդգծում է՝ կոչերին պետք է հստակ գործողություններ հետևեն բանաձևերի տեսքով. «Բանաձև, որպես այդպիսին, չի եղել, այսինքն՝ պետք է լինի, եթե լինի բանաձև, բանաձևը պարունակի կոչ, և որևէ երկիր վեր կենա, ասի՝ ես կպարտադրեմ, որ այդ կոչը իրականացվի, դա հնարավոր է, բայց այսպես միայն ելույթների մակարդակով եթե մնանք, որևէ բան չի լինի, բայց եթե Հայաստանի իշխանությունները գոնե մի քիչ դեռ մտածում են երկրի մասին, Արցախի մասին, հայ ժողովրդի մասին, պետք է այս առիթը օգտագործեն և դարձյալ քաղաքական օրակարգ վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի խնդիրը, այսինքն՝ այն, ինչ խոստում իրենք տվել էին 2021 թվականին և ինչ խոստումով, որ ընտրվել են»:

Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները հանդես չեկան բանաձևով. Լևոն Զուրաբյան

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ նկատում է՝ եթե Անվտանգության խորհրդում այս հարցի շուրջ կոնսենսուս կար, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները հանդես չեկան բանաձևով՝ կամ սեփական նախաձեռնությամբ կամ էլ որևէ բարեկամ երկրի օգնությամբ։

«Ամենակարևորը առաջարկել մի կետ, ըստ որի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջում է Ադրբեջանից կամ գոնե կոչ է անում, եթե պահանջելը դիտարկվեր որպես չափազանց ուժեղ եզրույթ, կոչ է անում Ադրբեջանին այդ արգելափակումը անմիջապես դադարեցնել», - նշեց նա:

Մեծ էր հավանականությունը, որ բանաձևը կընդունվեր, պնդում է Զուրաբյանը, ինչից հետո արդեն, ըստ նրա, ռուսական խաղաղապահ ուժերը մեծ հնարավորություն կստանային իրականացնել ապաշրջափակումը. «Ի վերջո նույն խաղաղապահ ուժերը կունենային շատ ավելի լեգիտիմ առիթ, շատ ավելի լեգիտիմ հիմքեր՝ հղում տալով ընդունված բանաձևի վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անունից կատարելու այդ դեբլոկադայի գործողությունը»:

Հայաստանի արտգործնախարարությունից չհաջողվեց պարզել՝ ինչու Երևանը բանաձևի նախագիծ չի ներկայացրել և արդյո՞ք պատրաստվում է դա անել առաջիկայում։

XS
SM
MD
LG