Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանը Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, Արցախի ժողովրդի համար պատասխանատվություն է կրում Հայաստանի՛ իշխանությունը:
Աբրահամյանի խոսքով՝ «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, և Հայաստանի իշխանությունը չի կարող մի կողմ քաշվել, սահմանափակվել ինչ-որ նամակներով և պատասխանատվությունը ուրիշների վրա բարդել»:
Գլխավոր խնդիրն է, ըստ ընդդիմադիր պատգամավորի, «հասկանալ՝ լավ, եթե Ռուսաստանը իր ֆունկցիան չի իրականացնում և որևէ փուլում լինում է ոչ-էֆեկտիվ, ապա ո՞վ պետք է զբաղվի Արցախում ապրող մեր հայրենակիցների ճակատագրով»:
«Որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, կարող է վաղը տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզում: Եվ Աստված չանի՝ մենք գանք հասնենք այդ կետին և ասենք՝ «գիտե՞ք, Հայաստանը այսօր չունի այդ հնարավորությունը, չունի այդ ռեսուրսը, և այս պայմաններում տվյալ մարզում անվտանգություն իրականացնելու որևէ նպատակ չի կարող իրականացվել»: Այդ ժամանակ էլ կառաջանա Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի խնդիրը, կասեն՝ «գիտե՞ք, Ռուսաստանը Հայաստանի հետ ուներ պայմանավորվածություն, չիրականացրեցին, բա ի՞նչ աներ խեղճ իշխանությունը, և այլն, և այլն», - նշեց Աբրահամյանը՝ շարունակելով. - «Այսինքն՝ գլխավոր բանը, որը պետք է այս իրավիճակում նաև հնչեցնի իշխանությունը, դա այն է, թե այս իրավիճակում ինչ է անում իշխանությունը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ է անում Ռուսաստանը, ինչ են անում համանախագահ երկրների ղեկավարները, ինչ է անում երրորդ, չորրորդ, հինգերորդ կողմը: Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Արդյո՞ք Հայաստանը չունի այստեղ առաքելություն, չունի պատասխանատվություն և այդ ուղղությամբ որևէ սցենարային զարգացում չի նախապատրաստում»:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ «եթե այս շրջափակումը շարունակվի ևս մեկ շաբաթ, սա բերելու է ծայրահեղ իրավիճակի»:
Անվտանգության խորհրդի քարտուղարը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար:
Արմեն Գրիգորյանը ձեռնարկվող քայլերի մասին մանրամասներ չներկայացրեց, սակայն կրկին շեշտեց, որ Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը:
Ավելի վաղ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Հայաստանի անելիքն այս հարցում Ադրբեջանի կողմից իր ստանձնած գրավոր պարտավորության խախտումը միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելն է: