Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչը ոչ միայն մարզական, այլև քաղաքական հարաբերությունների համատեքստում էր հետաքրքիր:
Ֆրանսիա-Մարոկկո: Տևական ժամանակաշրջանում Մարոկկոն, ինչպես և մի շարք արաբական այլ երկրներ, Ֆրանսիայի գաղութն էր:
Ծագումով մարոկկացի մեծ թվով մարդիկ վաղուց հաստատվել և ապրում են Ֆրանսիայում:
Քաղաքական, քաղաքակրթական, պատմական և հոգեբանական ժառանգությունը բարդ է և վիճահարույց: Ֆրանսիայում չէին բացառում, որ խաղից հետո կարող են տեղի ունենալ ընդհարումներ:
Մինչդեռ, երկու թիմերի ֆուտբոլիստների միջև կոշտ ու լարված պայքար էր, սակայն միտումնավոր կոպիտ խաղ չգրանցվեց: Հավաքականները միմյանց նկատմամբ ցուցաբերեցին գերագույն հարգանք և ընդգծված պրոֆեսիոնալ վերաբերմունք:
Հաշիվը 5-րդ րոպեին բացեց ֆրանսիացի Տեո Էրնանդեսը` դա կիսաեզրափակիչներում ամենաարագ գոլն է 1958 թվականից ի վեր. 64 տարի առաջ Շվեդիայում աշխարհի ապագա չեմպիոն Բրազիլիայի հարձակվող Վավան 2-րդ րոպեին գոլ է խփել Ֆրանսիայի դարպասը:
Տեո Էրնանդեսի եղբայրը՝ Լուկասը նույնպես Ֆրանսիայի հավաքականի կազմում է: Քաթարում Ավստրալիայի հետ առաջին իսկ խաղում նա ծանր վնասվածք է ստացել և վերադարձել հայրենիք:
«Խաղում եմ երկուսիս համար: Ես հպարտանում եմ եղբորովս, նա՝ ինձնով: Հիմա նա ծանր վիճակում է, բոլորս նրան սատարում ենք, ուզում եմ հաղթել հանուն Լուկասի», - ասել է Տեոն:
43-րդ րոպեին մարոկկացի Ջավադ Էլ Յամիքը «մկրատով» կարող էր հավասարեցնել հաշիվը, բայց գնդակը դիպավ դարպասաձողին: Եթե գնդակն անցներ դարպասը, դա, անուշտ, կլիներ ամենագեղեցիկ գոլերից մեկը Քաթարում:
Երկրորդ խաղակեսում մարոկկացիներն անձնուրաց գրոհում էին, ցուցադրում էին արդիական գրագետ ու հարձակողական ֆուտբոլ և մի քանի անգամ կարող էին գոլ խփել:
Կարելի է ասել, որ երկրորդ խաղակեսի մեծ մասն անցավ մարոկկացիների առավելությամբ, և աշխարհի գործող չեմպիոնը ստիպված էր պաշտպանվել ու մի քանի դրվագներում հրաշքով փրկվեց:
Այնուամենայնիվ ,79-րդ րոպեին Ռանդալ Կոլո Մուանին մոտ տարածությունից «գնդակահարեց» Մարոկկոյի դարպասը:
Այդ գոլը հնարավոր դարձավ նրա խաղընկերների կազմակերպած հմուտ գործողությունների ու հատկապես Կիլիան Մբապեի հրաշալի անձնական տեխնիկայի շնորհիվ:
Մարոկկոյի 26-հոգանոց հավաքականի 14 անդամները ծնվել են արտասահմանում: Շատերը խաղում են եվրոպական լավագույն լիգաներում: Մարզիչ Վալիդ Ռեգրագուին ծնվել է Փարիզի արվարձանում:
«Մենք ունենք շատ երկրպագուներ արաբական և աֆրիկյան երկրներից, ես բարձր եմ գնահատում իմ ֆուտբոլիստներին», - ասել է մարզիչը:
Մարոկկոյի թիմի միջազգային նվաճումները հիմնականում գրանցվել են Աֆրիկայի մայրցամաքի մրցաշարերում:
Մարոկկոն 1978-ին շահել է Աֆրիկայի գավաթը,1980-ին երրորդն էր, 2004-ին՝ երկրորդը: Իսկ 2018-ին և 2020-ին թիմը դարձել է Աֆրիկայի առաջնությունների չեմպիոն:
Ֆրանսիայի ընտրանին 1958-ին և 1986-ին ֆուտբոլի աշխարհի առաջնություններում երրորդ տեղն է գրավել: 1998-ին և 2018-ին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2006-ին արծաթն է վաստակել:
Շաբաթ օրը ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալները կխաղարկեն կիսաեզրափակիչներում պարտված Խորվաթիայի և Մարոկկոյի թիմերը:
Դեկտեմբերի 18-ին Քաթարում ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կավարտվի Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչով: