Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականը դեկտեմբերի 10-ին Ալ Խորում մեկ քառորդում հաղթեց Անգլիայի թիմին:
Հավասար ու հետաքրքիր խաղում հաշիվը 17-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց ֆրանսիացի Օրելիեն Չուամենին:
Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին Անգլիան վաստակեց 11-մետրանոցի իրավունք, և ընտրանու ավագ Հարի Քեյնը դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց Ուգո Յորիսի դարպասը՝ 1-1:
Այստեղ ինտրիգն այն է, որ երկուսն էլ ընկերներ են և խաղում են Լոնդոնի «Տոտտենհեմում», որտեղ Քեյնն առաջատար ռմբարկուն է և ակումբի ավագը:
78-րդ րոպեին վետերան Օլիվիե Ժիրուն գլխի հարվածով առաջ մղեց ֆրանսիացիներին՝ 2-1:
Մեծագույն դրամա եղավ 84-րդ րոպեին՝ դիմելով VAR համակարգի օգնությանը՝ բրազիլացի մրցավար Վիլտոն Սամպայոն նշանակեց երկրորդ 11-մետրանոցը ֆրանսիացիների դարպասը:
Նշանակետին նորից մոտեցավ Քեյնը: Հավանաբար գերլարված վիճակում՝ նա գնդակը հուժկու հարվածով ուղարկեց դարպասաձողից մի 2-3 մետր վերև:
Խաղից հետո ֆրանսիացի Օլիվիե Ժիրուն ասաց, որ երջանիկ է վճռական գոլը խփելու կապակցությամբ:
Անգլիացի Ջորդան Հենդերսոնը «Լիվերպուլից», անդրադառնալով Քեյնի անհաջող 11-մետրանոցին, ասաց, որ թիմը բոլոր դեպքերում վստահում է ավագին: «Առանց նրա մենք այստեղ (Քաթարում աշխարհի առաջնություն-խմբ.) չէինք հասնի»,- ասել է Հենդերսոնը:
Այսպիսով Անգլիան պարտվեց, իսկ Ֆրանսիան դեկտեմբերի 14-ին կիսաեզրափակիչում կխաղա Մարոկկոյի հետ: Ենթադրվում է, որ դա կլինի անչափ լարված խաղ, այդ թվում՝ քաղաքական հանգամանքների բերումով:
Դրանից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 13-ին, առաջին կիսաեզրափակիչում կհանդիպեն Արգենտինայի և Խորվաթիայի ընտրանիները: