Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ ութերորդ փուլում այսօր տեղի ունեցավ Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականների հանդիպումը:
Առաջին խաղակեսի ավարտին՝ 44-րդ րոպեին, հաշիվը բացեց Օլիվիե Ժիրուն: Դա 36-ամյա վետերանի 52-րդ գոլն էր հավաքականի կազմում:
Այդպիսով, Ժիրուն գերազանցեց աշխարհահռչակ Թիերի Անրիին և դարձավ այսօրվա դրությամբ Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:
Դե իսկ երկրորդ խաղակեսի 74 և 90+1 րոպեների նոր սերնդի գերաստղ Կիլիան Մբապեն երկու չքնաղ հեռահար հարվածներով հաշիվը դարձրեց 3-0:
Այդուհանդերձ, 90+9 րոպեին ֆրանսիացիները տուգանային հրապարակում ձեռքով խաղացին, և Ռոբերտ Լևանդովսկին ստացավ 11-մետրանոցի իրավունք:
Նրա առաջին հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասապահ Ուգո Յորիսի ձեռքերում, բայց մրցավար Խեսուս Վալենսուելան Վենեսուելայից արձանագրեց, որ Յորիսը հարվածից առաջ շարժվել և կես քայլ առաջ է գնացել դարպասային գծից և ստիպեց կրկնել հարվածը:
Այս անգամ Լևանդովսկին չվրիպեց, այդպես խաղն ավարտվեց 3-1 հօգուտ ֆրանսիացիների:
Դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի ընտրանին մեկ քառորդում կխաղա դեկտեմբերի 4-ին կայանալիք Անգլիա-Սենեգալ հանդիպման հաղթողի հետ: