Ադրբեջանական կողմը կեղծ ու մտացածին պատճառաբանություններով է արդեն երկրորդ անգամ փակում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անընդունելի համարելով Ադրբեջանի նման ագրեսիվ վարքը։
Սա աննախադեպ մարտահրավեր համարելով պետության ու ժողովրդի համար՝ Արցախի նախագահը կոչ է արել ողջ հասարակությանը «համախմբվել ու հանգստություն ցուցաբերել»՝ շեշտելով՝ «Բաքվի նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է»:
Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, հայտարարել է Հարությունյանը՝ ընդգծելով՝ դրանց պաշտպանության ուղղությամբ գործադրում են և կգործադրեն բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի:
Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես Արցախի ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ «կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ»:
Արցախի նախագահը կարևորել է նաև միջազգային հանրության այլ դերակատարների անելիքներն՝ ընդգծելով՝ «ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման»:
«Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների», - եզրափակել է Արցախի նախագահը։
Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ ակցիան անցկացնում են բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունները՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։ Նրանք հանդիպում են պահանջում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։
Ակցիայի մասնակիցները տարածքում՝ հենց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, վրաններ տեղադրել