Մատչելիության հղումներ

«Լաչինի միջանցքը ռուսական զորքերի պատասխանատվության գոտի է»․ Ալեն Սիմոնյան


Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է նրանց պատասխանատվության գոտին, այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ շեշտելով՝ Լաչինի միջանցքի հարցով աշխատանքներ են տարվում նաև ռուսական կողմի հետ։

«Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ, որովհետև, կրկնում եմ, դա ռուսական զորքերի պատասխանատվության գոտի է», - ասաց ԱԺ նախագահը։

Երևանն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, թե Բաքուն Լաչինի միջանցքը փակելու, Ղարաբաղի հայությանը շրջափակելու մտադրություն ունի։ Կիրակի օրը Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով ադրբեջանցիները մոտ 4 ժամ «բնապահպանական պատճառաբանությամբ» փակ պահեցին ճանապարհը։ Ստեփանակերտը սադրանք, խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու փորձ որակեց Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատումը։

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի՝ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով»։ Նա նշել էր, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։ Սա մեծ դժգոհությունների ալիք բարձրացրեց թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում։

Արցախի անվտանգության խորհուրդն ավելի ուշ պարզաբանեց՝ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։

«Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման»

Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ մինչև տարեվերջ Փաշինյանն ու Ալիևը ևս մեկ հանդիպում ունենան։ Հանդիպման վայրի մասին, ԱԺ նախագահն ասաց, որ դեռ որևիցե ինֆորմացիա չունեն՝ շեշտելով՝ պատրաստ են յուրաքանչյուր բովանդակային քննարկման։

«Մենք կաղապարված չենք այս պահին միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով և պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման», - ասաց ԱԺ նախագահը՝ շարունակելով․ - «Երեկ փոխվարչապետերի հանդիպում է տեղի ունեցել, երեկ նաև պայմանավորվածություն է ձեռքբերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ, երկրի ղեկավարների մասով մենք կոնկրետ ինֆորմացիա չունենք»։

Երեկ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չէր բացառել, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում ունենան՝ նշելով, որ Երևանը ստացել է Բաքվի առաջարկների 3-րդ փաթեթը և այժմ ընթանում է քննարկումների 3-րդ փուլը։

XS
SM
MD
LG