Մատչելիության հղումներ

Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակվեց, ապա բացվեց. ռուս-ադրբեջանական բանակցություններից դեռ որևէ բան հայտնի չէ


Հայաստանից Արցախ ուղևորվող քաղաքացիներն այսօր կեսօրից հետո մոտ 4 ժամ անորոշության մեջ էին՝ ի՞նչ անել՝ սպասե՞լ, թե՞ վերադառնալ։ Ցուրտը սաստկանում էր, անորոշությունն էլ ավելանում՝ արդյո՞ք ադրբեջանցիները կբացեն ճանապարհը։

Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում էին քաղաքացիական հագուստներով ադրբեջանցիները փակել ճանապարհը, տեղեկացրել էր Արցախի տեղեկատվական շտաբը՝ հավելելով, թե բնապահպանական պատճառաբանությամբ են դա արել։

Այս հայտարարությունից մոտ երկու ժամ անց Բաքուն հայտնեց, թե մասնագետների խումբ է ուղարկել խաղաղապահների տեղակայման վայր՝ «հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։ Ընդ որում՝ նշվում էր, թե Ադրբեջանի բնապահպանության նախարարության դիմումի հիման վրա է ռազմական գերատեսչությունը դիմել խաղաղապահ զորակազմին։ Բայց թե ինչ օգտակար հանածոների շահագործման մասին է խոսքը, չէր հստակեցվում։

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ենթադրում է՝ Բաքուն Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրի պատրվակով է ճանապարհը փակել։ Հանքը շահագործող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը Արցախի խոշոր հարկատուներից մեկն է։

«Արցախի տնտեսության գլխավոր տնտեսվարող օբյեկտն է կամ սուբյեկտը ավելի շուտ, որը լուրջ հարկային եկամուտներ և աշխատատեղեր է ապահովում Արցախի պետության և բյուջեի համար», - նշեց Բեգլարյանը:

Արցախցի պաշտոնյան հայտարարում է՝ հանքավայրը բնապահպանական որևէ նորմ չի խախտել. - «Հանքը շատ բարձր բնապահպանական նորմատիվներով է աշխատում, ստանդարտներով է աշխատում: Թող որևէ մեկը կասկած չունենա, որ մենք մեր բնակչության հանդեպ շատ ավելի քիչ սրտացավ ենք, քան ադրբեջանական կողմն՝ իր բնակչության»:

Ստեփանակերտը սադրանք, խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու փորձ է որակում Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատումը։ Արցախի պետական նախարարի խորհրդականն ասում է, ադրբեջանական կողմն Արցախը Հայաստանի կապող միակ՝ Լաչինի միջանցքը փակելու համար տեղեկատվական առիթներ է ստեղծում. հիշեցնում է՝ Բաքվից ավել վաղ տևական ժամանակ է մեղադրանք էր հնչում, թե միջանցքը հայկական կողմն օգտագործում է զինամթերք տեղափոխելու համար։

«Հատկապես վերջին 1-2 ամսում հաճախակի էին դարձել իրենց կեղծ տեղեկատվական գրոհները, իբր թե հիմնավորումները, որը ինչ-որ մի պահի տեղեկատվական ֆոն կստեղծեր լեգիտիմացնելու ճանապարհը փակելու իրենց մղումը: Բայց հավանաբար տեսան, որ զենք տեղափոխելու իրենց պնդումները որևէ ձևով վստահելի չեն, որևէ ձևով իրենց ուղերձները չեն ընդունվում միջազգային հանրության կողմից, հավանաբար այդ պատճառով որոշել են հիմա էլ նոր հիմնավորումներ, պատճառաբանություններ հորինել՝ բնապահպանական բնույթի, որը առերևույթ կարող է ավելի հումանիտար թվալ դրսի աչքի համար», - ասաց Բեգլարյանը:

Շուրջ 4 ժամ անց միայն Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ավելի քան 3 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Ադրբեջանական Caliber.az լրատվամիջոցը, որը նաև տեսանյութեր է հրապարակել տեղում ադրբեջանցիների ու ռուս խաղաղապահների բանակցություններից, պնդում է, թե ադրբեջանցի պաշտոնյաները գնացել են Ստեփանակերտ՝ խաղաղապահների շտաբում քննարկումը շարունակելու համար։ Ստեփանակերտից դեռ չեն մեկնաբանում այս լուրը, հնարավոր չեղավ նաև պարզել, թե ինչ պայմանների շուրջ են ընթացել բանակցությունները և ինչ որոշման են եկել կողմերը։ Արցախում ակնկալում են միջազգային հանրության կոշտ ու հասցեական արձագանքը։

«Որովհետև նախորդ բոլոր նմանատիպ խախտումները և դրանց անպատժելիությունը հանգեցրել են հենց այս իրավիճակին: Եթե միջազգային հանրությունը կոշտ չարձագանքեց, այդ թվում՝ այս միջազգային իրավական ու հումանիտար խախտումներին, համոզված եմ, որ հաջորդ քայլը շատ ավելի ագրեսիվ, շատ ավելի հակամարդկային է լինելու», - ընդգծեց Արցախի պետնախարարի խորհրդականը:

Այսօր նաև հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին, պնդելով, թե հայկական ուժերը շարունակում են ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում:

Բաքուն պնդում է, թե ադրբեջանական կողմը ականներ է հայտնաբերել նաև այս տարվա օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի երկու գյուղերում:

Պաշտոնական Երևանը հերքում է այս մեղադրանքները: Օրեր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասել էր, թե Բաքվի կողմից ի ցույց դրվող ականները իրականում հայտնաբերվել են ոչ թե Ադրբեջանի, այլ` Հայաստանի տարածքում, որոնք Ադրբեջանն օկուպացրել է սեպտեմբերյան հարձակումից հետո:

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակմանը դեռ չի արձագանքել պաշտոնական Երևանը։

Շաբաթներ առաջ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարություններից հետո Հայաստանի վարչապետն ասել էր, թե Բաքուն Լաչինի միջանցքը փակելու, Ղարաբաղի հայությանը շրջափակելու մտադրություն ունի։

Անընդունելի է ադրբեջանական որևէ խմբի կամ գործակալության մոնիթորինգային իրավունք տալը. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը չբացառեց, որ առաջիկայում «ադրբեջանական սադրանքները կրկնվեն»:

«Ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումից հետո բանակցություններ են սկսվել՝ միջադեպը կարգավորելու, ճանապարհի բնականոն երթևեկությունն ապահովելու համար: Ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներում այսօր տարածվել է՝ խոսակցությունը պետք է շարունակվեր Լեռնային Ղարաբաղում ռուսական զորակազմի կենտրոնակայանում», - նշեց Ստեփանյանը:

Անդրադառնալով ադրբեջանական դաշտում տարածվում են տեղեկություններին, թե իբր, պահանջն այն էր, որ ադրբեջանական բնապահպանական գործակալությունները պետք է հնարավորություն հնարավորություն ունենան մոնիթորինգի ենթարկեն Արցախի տարածքում հանքարդյունաբերության հիմնարկների գերծունեությունը, Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ դա Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողություն է, որը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Օմբուդմենը նշեց, որ իր համար անընդունելի է ադրբեջանական որևէ խմբի կամ գործակալության մոնիթորինգային նման հնարավորություն կամ իրավունք տալը:

«Ինձ համար դա անընդունելի է, որովհետև Արցախը փաստացի և դե ֆակտո երկիր է, որի տարածքում տարածվում է Արցախի իշխանությունների իրավասությունը», - ընդգծեց Գեղամ Ստեփանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG