Մատչելիության հղումներ

Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացվել է


Լուսանկարը՝ Արտակ Բեգլարյանի Տելեգրամից
Լուսանկարը՝ Արտակ Բեգլարյանի Տելեգրամից

Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Ստեփանակերտ-Գորիս մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ավելի վաղ Ստեփանակերտից հայտնել էին, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանից Արցախ գնացող Շուշանիկ Հայրյանը, ով մնացել էր ճանապարհին, «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ այդ հատվածում կանգնած էր մոտ 100 մեքենա:

«12:50 հասանք հայկական անցակետ, տեսանք, որ ավտոմեքենաները կանգնած են, շարժ չկա, այդ պահին երևի 10-ից ավելի քիչ ավտո կար տեղում, այսինքն՝ դրանից մի 10-20 րոպե առաջ էին ճանապարհը փակել, մեզ ասացին, որ թուրքերը ճանապարհը փակել են, չգիտենք ինչ պատճառներով, բայց Շուշիից ճանապարհը փակ է», - պատմեց Հայրյանը:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին Արցախի հաղորդումից մոտ երկու ժամ անց պաշտոնական Բաքուն տեղեկացրեց, որ մասնագետներ է ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ տարածքներում այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։

Թե ինչ օգտակար հանածոների շահագործման մասին է խոսքը, հստակ չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության դիմումի հիման վրա Պաշտպանության նախարարությունն է դիմել ռուսական խաղաղապահ զորակազմին։

«Այսօր ժամը 11-ին Ադրբեջանի բնապահպանության նախարարության աշխատակիցները, էկոնոմիկայի նախարարությանն առընթեր պետական գույքի ծառայության և «ԱզերԳոլդ» ընկերության աշխատակիցները մոտեցել են Ստեփանակերտի ու Շուշի քաղաքների միջև տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի անցակետին՝ տարածք մուտք գործելու համար»,- հաղորդում է Բաքուն՝ հավելելով, որ այս պահին խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ քննարկվում է այդ տարածքներում օգտակար հանածոների ապօրինի շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետաքննման և մոնիտորինգի փորձագիտական խմբի գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG