Ադրբեջանական կողմն Արցախում շահագործվող հանքավայրերին այսօր նաև Մոսկվայում է անդրադարձել։ Այդ երկրի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազների հետ եռակողմ հանդիպմանը հայտարարել է, թե «անընդունելի է ղարաբաղյան տարածաշրջանում անօրինական այցերի կազմակերպումն ու բնական պաշարների ապօրինի շահագործումը»։
Նման հայտարարություններով Բաքուն փորձում է ցույց տալ, թե Արցախի տարածքում որոշումներ կայացնելու իրավունք ունի, ասում է Արցախի խորհրդարանի իշխանական «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։ Պատգամավորն անընդունելի է համարում ադրբեջանական կողմի քայլերն ու դրանք սադրիչ որակում։ Ասում է՝ հարցի վերաբերյալ արցախցի խորհրդարանականներն իրենց դիրքորոշումը օրերս հայտնել են ռուս խաղաղապահների հրամանատարին։
«Անընդունելի է, այսինքն՝ ինչ-որ բնապահպանական խնդիրների պատրվակի քողի տակ ինչ-որ այլ հերթական կամ հետագա քայլեր նախապատրաստելն է, և ներկայացրել, որ այդպիսի բան հնարավոր չէ իրականացնել: Կա Արցախի Հանրապետության օրենսդրությունը, որը ամբողջությամբ կարգավորվում է հանքերի շահագործման և ընդհանրապես բոլոր բնապահպանական նորմերը», - ասաց Արթուր Հարությունյանը:
Արցախում բնապահպանական խնդիրների մասին Բաքուն ակտիվորեն սկսեց խոսել անցած շաբաթվանից։ Ամեն ինչ սկսվեց, երբ բնապահպանական խնդիրների պատճառաբանությամբ Արցախը Հայաստանին կապող մայրուղին ավելի քան 3 ժամ փակ պահեցին։ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկում դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ էին կանգնել։
Երեկ էլ Ադրբեջանի բնապահպանական ոլորտի պետական պաշտոնյաներն Արցախում քննարկում են ունեցել ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ։ Քննարկումներից հետո Բաքուն հայտարարեց, թե կհետաքննի Արցախում «բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը»։ Հանդիպումը, ինչպես հաղորդվում է, կայացել է Իվանյանում (Խոջալու) տեղակայված ռուսաստանյան զորախմբի շտաբում: Քննարկումների ընթացքում ադրբեջանական կողմը բարձրացրել է Արցախի «օգտակար հանածոների հանքավայրերի ստուգման, տարբեր ոլորտներում ապօրինի շահագործման կանխարգելման, մոնիտորինգի և գույքագրման, գույքի կադաստրային հաշվառման կազմակերպման, գնահատման հարցերը»։
Ավելի ուշ էլ Արցախի անվտանգության խորհրդից տեղեկացրին, որ այդ հանդիպմանը նաև կառույցի քարտուղար Վիտալի Բալասանյանն է մասնակցել. «Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին»։
Հանդիպման վերաբերյալ Վիտալի Բալասանյանից այսօր չհաջողվեց մանրամասներ իմանալ, մասնավորապես արդյոք հայկական կողմը համաձայնե՞լ է ադրբեջանական կողմին թույլատրել հետաքննել Արցախում «բնական ռեսուրսների շահագործումը»։
Արցախի տարածքում ադրբեջանցիների հետ բանակցություններ վարելն անընդունելի է համարում «Վաղվա Արցախ» ընդդիմադիր կուսակցության համահիմնադիրը։ Տիգրան Պետրոսյանը վրդովված է, թե ինչու են Արցախի իշխանությունները թույլ տալիս նման հանդիպում, կամ ինչո՞ւ է խաղապահների հրամանատարը կազմակերպում դա։
«Թուրքը ի՞նչ գործ այս տարածքի հետ, եթե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ պատերազմը կանգնել է, մենք առանց պատերազմի այդքան հողեր, տարածքներ ենք տվել թուրքին, որպեսզի այդ պայմանագրի կետերը պահպանենք և այլն, բայց հիմա ի՞նչ է այստեղ կատարվում: Փաստորեն, թուրքը բացեիբաց ասում է, որ մեր Արցախի տարածքը՝ այն, ինչ մնացել է տակը, իրենցն է, և նրանք գալիս են, մեզ ստուգեն: Իսկ Վոլկովը դրան աջակցում է, նաև մեր իշխանությունը», - ասաց ընդդիմադիր գործիչը:
Ադրբեջանական կողմը բարձրաձայնում է Արցախի թիվ մեկ հարկատու Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրում, ինչպես նաև Դրմբոնի հանքում մշտադիտարկման մասին։ Այս մեկն արդեն չի գործում, դրանում սպառվել են պղինձի ու ոսկու պաշարները: Կաշենի հանքավայրը շահագործում է «Վալլեքս» խմբի ընկերություններից մեկը՝ «Բեյզ Մեթըլսը»։ Ընկերությունից չեն մեկնաբանում ադրբեջանական մեղադրանքերը։
Ոչ թե բնապահպանական խնդիրների մտահոգություն, այլ սադրանք. ԱԽ քարտուղար
Իսկ Ստեփանակերտից անդրադառնալով Բաքվի հայտարարություններին՝ հերքել են, թե հանքի շահագործման հետևանքով վնաս է հասցվում շրջակա միջավայրին։ Ոչ թե բնապահպանական խնդիրների մտահոգություն, այլ սադրանք, համոզված է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ Ադրբեջանն իր այդ քայլերով խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, փորձում դատարկել Արցախը։
«Բնականաբար, Ադրբեջանն ամեն ինչ անում է այդ ուղղությամբ, Հայաստանն ու նաև Արցախն ամեն ինչ անում են, որ անվտանգության երաշխիքներ ստեղծվեն Արցախի համար», - ասաց նա։
Պաշտոնական Երևանը Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հինգ օր անց արձագանքեց։ Երեկ խորհրդարանում Ազգային ժողով - գործադիր հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները կապեց Լաչինի միջանցքը փակելու մտադրության հետ։