Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղն է, այսօր Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, թե ուզում է Կրեմլի ղեկավարի հետ քննարկել տեղում ստեղծված իրավիճակը։ Խոսելով վերջին զարգացումների, մասնավորապես, Լաչինի միջանցքը փակելու ադրբեջանական փորձերի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ դեպքերը ծավալվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
«Վստահ եմ՝ Դուք տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղում շատ մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ։ Իհարկե, մենք մշտապես քննարկում ենք այդ հարցերը։ Հուսով եմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը», - ասել է նա:
Մեկ աբաթ առաջ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ մոտ չորս ժամով փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե նրանք Բնապահպանության նախարարության փորձագետներ են, որոնք գործուղվել են Արցախ՝ «հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու դրա բնապահպանական հետևանքները»։ Ընդ որում, Բաքուն շարունակ շեշտում է, որ ռուսական կողմը պետք է իր մասնագետներին թույլ տա անարգել ելումուտ անել, քանի որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը բնապահպանական խնդիրների պատրվակով հետագա քայլեր է նախապատրաստում. արցախցի պատգամավորՄիջադեպը հարթվել էր ռուս խաղաղապահների, Արցախի իշխանությունների հետ բանակցություններով, ադրբեջանցիները հեռացել էին, միաժամանակ ընդգծել, որ դեռ կվերադառնան։
Թե այս ֆոնին ինչպես է Նիկոլ Փաշինյանի մտահոգություններին արձագանքել Ռուսաստանի նախագահը, հստակ չէ։ Կողմերից որևէ մեկը դռնփակ հանդիպման մասին մանրամասներ դեռ չի հաղորդել։ Մինչ այդ՝ ամիսներ առաջ, Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հրապարակավ քննադատել էր ռուսական խաղաղապահ առաքելությանը, պնդելով, թե նրանց ներկայությամբ է Ադրբեջանը գրավել Խծաբերդը, Հին Թաղերն ու Փառուխը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե ԼՂ շփման գծի անվտանգությունը չի ապահովվում, պետք է մտածել լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմների մասին. ՓաշինյանՔննադատությանը զուգահեռ Փաշինյանը ընդունել էր, որ ռուս խաղաղապահները գործունեության մանդատ չունեն, նրանց գործողությունների շրջանակը հստակ չէ՝ Բաքուն հրաժարվում է ստորագրել փաստաթուղթը՝ ի տարբերություն Երևանի։
«Մենք ակնկալում ենք, որ երկկողմ՝ հայ-ռուսական ձևաչափով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ասել էր Փաշինյանը, չհստակեցնելով՝ արդյոք այդ ակնկալիքներն ընդունելի են նաև Ադրբեջանի համար: Նույն ելույթում Փաշինյանը նաև պնդել էր, թե այս հարցերը հուզել են հայկական կողմին 2020-ի նոյեմբերի 9-ից, իր կառավարությունը ջանքեր է գործադրել լուծումներ գտնելու ուղղությամբ, և հանձնարարել կրկնապատկել ու եռապատկել այդ ջանքերը։
Փաշինյանն ընդգծել էր՝ Հայաստանը պատրաստ է դիմել միջազգային մեխանիզմների ու գործիքների կիրառման, «եթե Ադրբեջանը շարունակի խաղաղապահների թողտվության ներքո ֆիզիկապես և հոգեպես ահաբեկել ու սպանել արցախահայությանը»։ Ու թեև հրադադարի խախտման դեպքերը այդուհետ ևս շարունակվել են, սակայն անցած ավելի քան երեք ամսում տեղում ոչ ռուս խաղաղապահների մանդատն է հստակեցվել, ոչ էլ միջազգային մեխանիզմները։
Ռուսաստանի նախագահն, ի դեպ, այսօրվա հանդիպման բաց հատվածում ղարաբաղյան խնդրին ընդհանրապես չի անդրադարձել։
Պուտինը հարկ է համարել ի ցույց դնել, թե որքան կարևոր է Ռուսաստանը Հայաստանի համար տնտեսական առումով, ինչպես նաև հիշեցրել է նոյեմբերի վերջին Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովը, հավելելով. «Հուսով եմ՝ կհամաձայնեք, որ մենք հաջողությամբ անցկացրինք այդ գագաթնաժողովը: Եվս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատար առևտրատնտեսական գործընկեր. Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, առաջատար ներդրողներից մեկը, գուցե նույնիսկ հիմնական ներդրողը՝ ներդրումների մոտ 40 տոկոսը։ Այս տարվա առաջին տասը ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմում է 67 տոկոս։ Սա շատ լուրջ, լավ, դրական ցուցանիշ է»:
Թե էլ ինչ է քննարկվել, այս պահին հստակ չէ։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակն ասել էր, որ Կրեմլը պատրաստ է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև հանդիպում կազմակերպել մինչև տարեվերջ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Հայտնի է, որ այժմ նաև Եվրամիությունն է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում։