Մատչելիության հղումներ

Բավականին լարված դիվանագիտական երկխոսություն կա հիմա Մոսկվայի և Երևանի միջև․ քաղաքագետ


Բավականին լարված դիվանագիտական երկխոսություն կա հիմա Մոսկվայի և Երևանի միջև, կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ նկատելով՝ Ռուսաստանն այսօր փորձում է իր անկարողությունը բարդել Երևանի վրա։

Ըստ քաղաքագետի՝ ռուսական կողմը, եթե կարողություն ունենա պարտադրել Ադրբեջանին իր տարբերակը, Հայաստանը, վստահաբար, կհամաձայնի այդ տարբերակին։

Քաղաքագետի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Դուք Լավրովի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Պրահայի հայտարարությունը՝ պատրաստակամությունը՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ըստ էության, հակասում է Ղարաբաղի կարգավիճակի հարցին, ինչն իրենք առաջարկում են։

Գրիգորյան․ - Իրականում Լավրովն այդ հայտարարությամբ փորձել է Ռուսաստանի անկարողությունը պարտադրել՝ Ադրբեջանի սեփական տարբերակը դնել Երևանի վրա, այսինքն՝ մեղքը բարդել Երևանի վրա։ Ակնհայտ է, որ ռուսներն առնվազն այս տարվա գարնանից փորձում են այդ տարբերակը կողմերին տրամադրել, կամ համոզել կողմերին, որ ընդունեն, և Ադրբեջանն է այն կողմը, որը չի ընդունում։ Տեսանք, որ սեպտեմբերին էլ նմանատիպ փորձեր եղան և Ադրբեջանը, բնականաբար, ևս չընդունեց, դրա հետ զուգահեռաբար ռուսներն ի վիճակի չեն նաև անվտանգությունն ապահովել տարածաշրջանում, այսինքն՝ Հայաստանին այլընտրանք չեն թողել, մեծ հաշվով։ Եթե անվտանգային հարցերով չես աջակցում, Ադրբեջանին էլ չես կարողանում համոզել քո տարբերակը, պարզ է, որ վաղ թե ուշ Հայաստանի իշխանությունները պիտի գնային ու Պրահայում, օրինակ, նմանատիպ հայտարարություն ստորագրեին։ Հիմա ասել, որ այ տեսեք, Պրահայում ստորագրել են նմանատիպ հայտարարություն, սկսենք նրանից, որ այդ հայտարարությունն, իհարկե, որևէ լուրջ հիմք չէ՝ խոսել կարգավիճակի մասին, ընդամենը պատրաստակամություն է։ Դա ինչ-որ պայմանագիր չէ, վավերացված պայմանագիր չէ, այսինքն՝ ռուսական կողմը, եթե ցանկություն ունենա հիմա և կարողություն ունենա պարտադրել Ադրբեջանին իր տարբերակը, Հայաստանը, վստահաբար, կհամաձայնի այդ տարբերակին։ Այդ առումով, կարծում եմ, նաև արձագանք էր ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովում տեղի ունեցած այդ դեմարշին Հայաստանի կողմից։ Այսինքն՝ բավականին լարված դիվանագիտական երկխոսություն կա հիմա Մոսկվայի և Երևանի միջև և Լավրովի այդ հայտարարությունը ևս դրա դրսևորումներից մեկն է։

«Ազատություն»․ - Ռուսաստանն այնքան անզոր է, որ բանը կարող է հասնել խաղաղապահների դուրսբերմա՞նն Ադրբեջանի պահանջով։

Գրիգորյան․ - Դե կարծում եմ, որ այնուամենայիվ ինչ-որ կարմիր գծեր ունի Ռուսաստանը, չնայած այդ կարմիր գծերն անընդհատ փոփոխվում են, եթե 6 ամիս առաջ այդ կարմիր գծերը մի տեղում էին, հիմա այլ տեղում են, և դա ոչ ի նպաստ հայկական կողմի, իհարկե, բայց ենթադրաբար Ռուսաստանն ունի ինչ-որ կարմիր գծեր և այդ կարմիր գծերը խախտելու դեպքում պատրաստ կլինի նաև կոշտ ուժ կիրառել և, կարծում եմ, որ խաղաղապահների դուրսբերումը կարող է լինել նմանատիպ կարմիր գերծից մեկը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ շեշտելով՝ դրանից հետո անհիմն են մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից: Լավրովն ընդգծելել է՝ դեռևս տասը տարի առաջ է Մոսկվան առաջարկել կարգավիճակի հարցը թողնել ապագային:

Ավելին, Լավրովը պնդել է, թե այս մոտեցումը կենսունակ է եղել նաև ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում: Հենց այդ հիմքով էլ, ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, Մոսկվան կարգավիճակի առկախման կետը ներառել է խաղաղության պայմանագրի իր տարբերակում, որն այս գարնանը ներկայացվել է կողմերին: Բաքուն այդ ժամանակ պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցը, իսկ Պրահայում ստորագրված փաստաթղթից հետո՝ Սոչիում արդեն մերժել:

Տիգրան Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG