2020թ. դեկտեմբերին ադրբեջանական զինուժը գրավեց Արցախի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը և գերեվարեց հայ զինծառայողներին ռուս խաղաղապահների թողտվությամբ, և եթե Լեռնային Ղարաբաղի շփման գծի ավտանգությունը չի ապահովվում, հարկավոր է մտածել լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմների գործարկման մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, չհստակեցրեց՝ ինչ նկատի ունի լրացուցիչ միջազգային մեխանիզմներ ասելով, և կամ ինչ քայլեր է ձեռնարկել, ձեռնարկում Հայաստանն այս ուղղությամբ:
2020թ. դեկտեմբերին ադրբեջանական զինուժը գրավեց Արցախի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը և գերեվարեց հայ զինծառայողներին ռուս խաղաղապահների թողտվությամբ. Փաշինյան
Բուն ելույթը վարչապետը սկսեց հայտարարությամբ, թե Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային են արցախահայության անվտանգության ապահովման համար. «2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»:
Նախորդ չորս ամիսների ընթացքում ադրբեջանական զինուժը արդեն երկրորդ անգամն է գրոհում Արցախի ՊԲ դիրքերը
Նախորդ չորս ամիսների ընթացքում ադրբեջանական զինուժն արդեն երկրորդ անգամն է գրոհում Արցախի պաշտպանության բանակի դիրքերը` կիրառելով նաև հարվածային անօդաչուներ։ Մարտին Փառուխի շուրջ կռիվների ժամանակ հայկական կողմը երեք զոհ տվեց, երեկ՝ ևս երկուսը։
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, մինչդեռ, հստակ արձանագրված է, որ Ղարաբաղում կա շփման գիծ, և հայկական կողմը այն պաշտպանելու մասով հստակ ակնկալիքներ ունի ռուսական զորախմբից, այսօր պնդեց Փաշինյանը. «Եվ մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն»:
Ռուս խաղաղապահների մանդատի հարցը
Թեև երկրորդ տարին է` 44-օրյա աղետալի պատերազմից հետո, ռուս խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղում, սակայն նրանց մանդատն ու լիազորությունների շրջանակը մինչ օրս հաստատված չէ: Այսօր Հայաստանի վարչապետը փակագծեր բացեց, թե Ադրբեջանն է դրան խոչընդոտում, և որ Հայաստանն այս հարցով առանձին փաստաթուղթ է կնքել Մոսկվայի հետ։ Ե՞րբ է այն ստորագրվել, և ի՞նչ է ենթադրում` Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց, փոխարենը պնդեց, որ դա բավարար է խաղաղապահ առաքելության գործունեությունն ապահովելու համար։
«Մեր կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար: Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել` այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ», - ասաց նա:
Միջազգային ճգնաժամային խումբը դեռ մեկ տարի առաջ էր որոշ մանրամասներ հրապարակել դռնփակ այս բանակցություններից։ Ըստ այդմ` Բաքուն ռուսներից պահանջել է հստակ ամրագրել, որ խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանի տարածքում, ինչին դեմ են եղել Երևանում ու Ստեփանակերտում։ Արդյունքում, ադրբեջանական կողմը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը։
Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ հարաբերություններով հայտնի փորձագետ Ֆարիդ Շաֆիևն այսօր անուղղակի հաստատել է այս տեղեկությունները, հայտարարելով` Ռուսաստանն այդ մանդատը պետք է Ադրբեջանի հետ համաձայնեցնի` Twitter-ի իր էջում գրելով. «Նրանք կարող են ստորագրել ինչ ուզում են, անգամ՝ լուսնի վրա։ Մանդատը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Ցավոք, Ռուսաստանն այս հարցում կառուցողական չէ»։
Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի ընդլայնմանը Փաշինյանն այսօր երկու անգամ անդրադարձավ. «Շփման գծի անվտանգությունն ինչպե՞ս ենք ապահովում: Սրանք հարցեր են, որ եռակողմ ձևաչափով պետք է լուծում ստանան: Եթե մենք տեսնենք, որ եռակողմ ձևաչափով լուծումները հնարավոր չեն լինում, պիտի մտածենք լրացուցիչ միջազգային մեխանիզմների գործարկման մասին»:
Կրեմլն արձագանքել է
Պաշտոնական Բաքուն խաղաղապահների մանդատին ու այս հարցում Երևանի քննադատությանն ու պահանջներին հրապարակավ դեռ չի արձագանքել:
Փոխարենը, Կրեմլի խոսնակն է անդրադարձել Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, ընդգծելով՝ կան եռակողմ փաստաթղթեր, որոնք ելակետ են, և կարևորն այդ փաստաթղթերով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն է:
Դմիտրի Պեսկովը հավելել է՝ եթե կան հարցեր, ապա, անկասկած, պետք է տալ դրանց պատասխանները, և հայկական կողմի հետ սերտ կապերը թույլ կտան պարզաբանել դրանք։
Թե երբ և ինչ ձևաչափով, Պեսկովը չի հստակեցրել, միաժամանակ չի բացառել, որ առաջիկայում նախագահ Պուտինը կարող է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի ղեկավարի հետ:
Մինչ այդ հաղորդվեց, որ Կրեմլի ղեկավարը Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում: Ռուսական պաշտոնական հաղորդագրությունը անուն առ անուն նշել է`ովքեր են մասնակցել նիստին, բայց որևէ բան չի հաղորդել քննարկման բովանդակության մասին: