Մատչելիության հղումներ

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. ԼՂ ԱԳՆ


Արցախի ԱԳՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի ԱԳՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ»։

Նշելով, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, կարծիքները, «ինչն օբյեկտիվ գործընթաց է՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս հարցի առանցքային բնույթը», պաշտոնական Ստեփանակերտը «ողջունում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ»։

«Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լիազորված է հայտարարել, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ», - ասված է հայտարարությունում:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա կարգավիճակի հետ, որը սահմանվել է մեր երկրի ժողովրդի կողմից՝ միջազգային իրավունքի նորմերին, սկզբունքներին և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը ամբողջական և խիստ համապատասխանությամբ»։

XS
SM
MD
LG