Արցախցի պատգամավորները գեներալ Վոլկովին ասել են՝ թույլ չեն տալու սկաներ ապարատ տեղադրել

Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունների ղեկավարներն այսօր հանդիպել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։ Հանդիպման ընթացքում խորհրդարանականները շեշտել են, որ Արցախի համար անընդունելի է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրումը՝ պահանջելով նման քայլի չգնալ, «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Խաղաղապահ զորակազմի հրամանատարն անցած շաբաթ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու փակումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին ասել էր, թե Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով։ Նա նշել էր, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։

Մինչդեռ այսօր արցախցի խորհրդարանականների հետ հանդիպմանը, ըստ Դավիթ Գալստյանի, գեներալ Վոլկովն ասել է, թե իր խոսքը կոնտեքստից կտրել են, շփոթմունք է եղել։ Ըստ նրա՝ Ադրբեջանը պահանջել է, որ ստուգվեն այդ ճանապարհով անցնող բեռնատարները, քանի որ իբրև թե զենք-զինամթերք է տեղափոխվում, և ինքը սկաներ ապարատի մասին է խոսել։ Ամեն դեպքում արցախցի պատգամավորները պնդել են՝ դեմ են այդ սարքի տեղադրմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գեներալ Վոլկով․ «Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի»

«Ադրբեջանցիք պահանջել են, որ վերահսկվի Արցախ եկող հիմնական բեռնատարների բեռները, և մինի մաքսակետ ասելով...., նա հենց, իր բացատրությունով, նա էդ տնտեսական տերմինների կարող է լավ չի տիրապետում, տենց է ձևակերպել, մաքսակետի գործունեությունը բոլորս հասկանում ենք, որ ինչ-որ ապրանքներ մաքսազերծելն է», - ասաց Գալստյանը:

«Ազատության» հարցին՝ փաստորեն նա սխալվե՞լ է մաքսակետ բառն օգտագործելով, Դավիթ Գալստյանը պատասխանեց. - «Ինքը էդ սկանավորող սարքավորումները, որոնք ինքը երևի տեսել է մաքսատներում, նման փոխկապակցվածություն է տվել՝ մինի-մաքսակետ ասելով»:

Իսկ թե ինչո՞ւ են դեմ այս սկանավորող տեխնիկայի տեղադրմանը, ի՞նչ վտանգներ կան, արցախցի պատգամավորը պատասխանեց. - «Վտանգներ չկան, դա լրացուցիչ խոչընդոտ է մեր անենօրյա ապրելակերպում»:

Հարցին էլ՝ այսօրվա հանդիպումից հետո ռուս խաղաղապահ զորակազմը նման քայլի չի՞ գնա, Գալստյանն արձագանքեց. - «Ես համոզված եմ: Մենք իրեն վստահեցրեցինք, որ նման քայլեր թույլ չենք տալու կատարել Արցախում, փակագծերը եկեք շատ չբացեմ»:

Ըստ Աղաջանյանի, պետք է անեն առավելագույնը, որպեսզի Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու դեպքերը չկրկնվեն

Հայաստանի իշխանությունները անդրադառանալով վերջին շրջանում Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններին, հիշեցնում են նոյեմբերի եռակողմ հայտարարությունը։ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց, թե ռուս խաղաղապահ առաքելության հետ համատեղ պետք է անեն առավելագույնը, որպեսզի Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու դեպքերը չկրկնվեն։

Շաբաթ օրը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով ադրբեջանցիները փակել էին ճանապարհը։ Բաքուն պնդել էր, թե մասնագետների խումբ է ուղարկել խաղաղապահների տեղակայման վայր՝ «հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու դրա բնապահպանական հետևանքները»։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան կետում արձանագրվում է, որ Լաչինի միջանցքը պետք է գործի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և՛ Հայաստանից, և՛ Արցախից հետադարձ կապը պետք է լինի անխոչընդոտ: Այս համատեքստում որևէ խոչընդոտող երևույթ կամ դետալ, բնականաբար, անընդունելի է մեր համար», - ասաց Աղաջանյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ Ադրբեջանի վերջին օրերի գործողություններն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքուն նպատակ ունի Լաչինի միջանցքն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել։ Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ քանի դեռ Հայաստանի իշխանությունը չի հակադարձում, չի պատասխանում Ադրբեջանի քայլերին, Բաքուն անընդհատ ճնշումները մեծացնելու է՝ փորձելով պոկել ավելին։

«Ինչ վերաբերում է միջանցքում տարբեր հենակետեր, տարբեր դիտարկման սարքեր տեղադրելը նաև ադրբեջանցիների հետ անընդունելի է: Կգա մի օր, որ իրենք այսպես տոտալ, ամբողջությամբ վերահսկողության տակ կվերցնեն, իսկ Արցախը հանձնել Ադրբեջանին, նշանակում է հայաթափել: Եվ այն շրջանցող ճանապարհը, որ կառուցվել է ադրբեջանցիների կողմից այդքան արագ, նաև խոսում է նրա մասին, որ վերահսկողության տակ են վերցնելու այն ենթակառույցները, որոնք Հայաստանից գնում են Արցախ, ես նկատի ունեմ գազ, էլեկտրականություն, և տոտալ վերահսկողության մասին է խոսում, որ ադրբեջանցիները փորձում են իրականացնել», - ընդգծեց Օհանյանը:

Բաքվի կողմից Լաչինի միջանցքի փակման հնարավորության մասին շաբաթներ առաջ խոսել էր նաև Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, թե Ադրբեջանը նպատակ ունի շրջափակման մեջ առնել Արցախի հայերին։