Մատչելիության հղումներ

Չի բացառվում, որ մինչև տարեվերջ տեղի ունենա Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում. Աղաջանյան


Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Սոչիում, 31-ը հոկտեմբերի, 2022թ.
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Սոչիում, 31-ը հոկտեմբերի, 2022թ.

Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում կկայանա, այսօր խորհրդարանում հայտարարեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Երևանը ստացել է Բաքվի առաջարկների 3-րդ փաթեթը և այժմ ընթանում է քննարկումների 3-րդ փուլը, ասաց էդուարդ Աղաջանյանը։

«Այո, ճիշտ է՝ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք ըստ էության արձագանք են հայկական կողմի առաջարկների, բայց, այո, ճիշտ է՝ հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները: Իսկ ինչ վերաբերում է երկրների ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների մակարդակով հնարավոր հանդիպմանը նախքան տարեվերջ, կարծում եմ, այո, չի կարելի բացառել», - ընդգծեց Աղաջանյանը:

Երեկ Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Ջեյհուն Բայրամովը նշել է, որ հայկական կողմի ներկայացրած առաջարկները Բաքվի համար ընդունելի չեն եղել, հետևաբար Ադրբեջանն իրենն է ուղարկել։ Հստակ չէ՝ արդյոք սեղանին դրված է մի փաստաթուղթ, որն այժմ 2 կողմերը խմբագրում են, թե՞ բոլորովին տարբեր փաթեթներ են փոխանակվում, սակայն, ըստ Բայրամովի, հայկական կողմը առաջարկները վերածել է բազմաշերտ շրջանակային համաձայնագրի, իսկ Բաքուն ցանկանում է ստորագրված փաստաթղթի տեսքով հիմք ունենալ առաջ շարժվելու համար, և անիրատեսական է համարում կարճ ժամանակում հարցերի բարդ փաթեթ համաձայնեցնելը։

«Այն առաջարկը, որ ստացել ենք մենք, դա հնարավոր փաստաթղթի մշակման գործնական ընթացք է, և ինչպես գիտեք, ի սկզբանե ադրբեջանական կողմից մենք ստացել էինք առաջարկներ, որին հետևել է նույն առաջարկների շուրջ մեր լրացված տարբերակը, մեր առաջարկները, ինչին մենք ստացել ենք երրորդ անգամ արդեն...., այսինքն, խոսքը գնում է ի սկզբանե նույն հիմքն ունեցող տեքստի շուրջ աշխատանքի մասին», - ընդգծեց Աղաջանյանը:

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, կրկին խոսել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Այդ ֆորմատով քառակողմ քննարկումներին Մոսկվան չի մասնակցել, սակայն, ըստ Լավրովի, Պրահայի հանդիպումից հետո Մոսկվայի գործը հեշտացել է, քանի որ «այնտեղ կողմերը իրենք են հայտնել, որ մտադիր են բոլոր խնդիրները լուծել ՄԱԿ-ի կանոնադրության ու 1991 թվի Ալմա-Աթայում ստորագրված հռչակագրի հիման վրա»։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ Մոսկվան առաջարկել էր և փորձել էր առկախել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ հիմա, փաստորեն, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները տրամագծորեն այլ բան են պայմանավորվել։

Ո՞րն է Երևանի արձագանքը Լավրովի հայտարարություններին։ «Հարցի էությունն ինչպես և ի սկզբանե Հայաստանի դիրքորոշումն է եղել, ժողովուրդների, իրավունքների և տվյալ պարագայում արցախցիների ինքնորոշման իրավունքի շրջանակում է եղել», - ընդգծեց Աղաջանյանը:

Ալմա-Աթայում ստորագրված հռչակագրին հղում կատարելը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, վստահեցնում են իշխող խմբակցության պատգամավորները՝ ավելացնելով, թե հակառակ դեպքում կստացվեր, որ ԼՂ հիմնախնդիրը տարածքային վեճ է, ինչպես պնդում է Բաքուն։

Մինչդեռ ավելի քան 30 տարի առաջ Ալմա-Աթայում տեղի ունեցած այդ հանդիպմանը նախկին Խորհրդային Միության պետությունները հռչակագիր ստորագրելուց բացի ընդունել էին նաև կից արձանագրություն, որը Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրել էր մի շարք վերապահումներով, այդ թվում՝ Ղարաբաղի ազատ ինքնորոշման մասով։ Հիմա արդեն մինչ Հայաստանի խորհրդարանում համարում են, որ Ալմա-Աթայի հռչակագրին հղում կատարելը կապ չունի ԼՂ հիմնախնդրի հետ, Ռուսաստանի արտգործնախարարը հակառակն է պնդում, թե այդպես Ղարաբաղի կարգավիճակի հարցը փաստացի փակվում է։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Լավրովը փորձում է մոլորեցնել՝ պնդելով, թե Պրահայում որևէ նոր բան է որոշվել։

«Այսինքն՝ որևէ նոր իրավական ուժ Պրահայի թուղթը չունի, ինքը ընդամենը հղում է պարունակում գոյություն ունեցող փաստաթղթին, սա մեկ: Երկրորդը՝ պետք է ֆիքսել, որ ռուսական առաջարկը տարբերվում է ադրբեջանական առաջարկից միայն 15-րդ կետով, այդ Խովաևի թուղթ կոչվածը տարբերվում է ադրբեջանական առաջարկությունից միայն 15-րդ կետով, ասել է, թե՝ Արցախի կարգավիճակը թողնել ապագային: Երբ որ այս կետը չի լինում, ուրեմն սեղանին չկա այլևս դրված ռուսական տարբերակ, կա միայն դրված ադրբեջանական տարբերակ», - ասաց Քոչինյանը:

Պնդելով, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցը փաստացի փակվել է Հայաստանի որոշմամբ, Մոսկվան փորձում է իր առաջարկի ձախողման մեղքը բարդել Երևանի վրա՝ ձևացնելով, թե չեն նկատում, որ առաջին հերթին Բաքուն է կտրուկ մերժել Մոսկվային կարգավիճակի քննարկումների հարցում, կարծում է քաղաքագետը։

«Վստահեցումները, թե «մենք կբացատրենք Ադրբեջանին», «մեր նախագահը Ադրբեջանի նախագահին կբացատրի, որ այդ կետն անհրաժեշտ է», ուրեմն Ռուսաստանի նախագահը կա՛մ լավ չի բացատրում, կա՛մ չի ուզում բացատրի Ադրբեջանի նախագահին, որ այդ կետը պետք է: Այստեղ է պետք ման գալ խնդիրը, ոչ թե ինչ-որ Պրահայից թուղթ բերել, ասել՝ էս Պրահայի թուղթը, որ կա, մեր կետն ուրեմն չկա այլևս», - նշեց Արեգ Քոչինյանը:

Այսօր Հայաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունից Բայրամովի և Լավրովի հայտարարություններին արձագանք չի եղել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG