Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը շարունակում է աշխատել ռազմագերիների վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ․ Էրիկա Օլսոն


Վաշինգտոնը շարունակում է աշխատել բազմաթիվ հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման և այլն, երեկ ասել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը՝ Վաշինգտոնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ Պաշտպանը ներկայացրել է այն դժվարություններն ու ապրումները, որով անցնում են գերիների ընտանիքները՝ նկատի ունենալով նաև տեղեկատվական սադրիչ միջավայրը, որը ստեղծվում է ադրբեջանական կողմից։

Քրիստիննե Գրիգորյանը փոխտեղակալին ներկայացրել է արտահերթ զեկույցները, որոնցում փաստագրված և վերլուծված են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հարձակման ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների շարունակական խախտումները, հարձակման ենթարկված համայնքներում ապրող մարդկանց հումանիտար խնդիրները, պատերազմական հանցագործության փաստերը՝ կարևորելով կատարված հանցանքների համար պատասխանատուների պատասխանատվության ու պատժի անխուսափելիության հարցը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունի հանցագործը, ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում առաջացել է մի քանի ուղղություններով։ Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի վերահսկողության տակ է անցել 140 քառակուսի կիլոմետր տարածք։ Հայկական կողմից զոհվել է 233 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Առնվազն 11 մարդ սպանվել է ադրբեջանական գերության մեջ։​ Մարտերից հետո Բաքուն հայկական կողմին է վերադարձրել 156 զինծառայողի մարմին, հայրենադարձվել է 17 գերի: Ադրբեջանն, իր հերթին, հաղորդել էր իր կողմից 80 զոհի մասին։

Ադրբեջանական բանտերում, Բաքվի հաստատած տվյալներով, 38 գերի է պահվում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

XS
SM
MD
LG