Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել «Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը»


Արցախի արտգործնախարարությունը արձագանքելով մի խումբ ադրբեջանցիների կողմից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելուն, հայտարարում է. «Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ»:

Այս «ահաբեկչական քայլը», ըստ Արցախի ԱԳՆ-ի, նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը և «նենգ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը»:

«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու գործողությունները լուրջ մարտահրավեր են քաղաքակիրթ աշխարհին և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք՝ միջազգային իրավունքի նկատմամբ», - ասված է հաղորդագրությունում:

Արցախի արտգործնախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել «Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականությունը և գործուն քայլեր ձեռնարկել՝ սանձազերծելու ագրեսորին»:

Ավելի վաղ Ստեփանակերտից հայտնել էին, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Պաշտոնական Բաքուն հայտնել էր, որ մասնագետներ է ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ տարածքներում այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։ Հայաստանը Արցախին կապող միակ մայրուղին ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG