Մատչելիության հղումներ

Մինչև տարեվերջ ոչինչ չի ստորագրվելու, նույնիսկ տեխնիկապես դժվար է պատկերացնել. քաղաքագետ


Մինչև այս տարվա վերջ ոչինչ չի ստորագրվելու, այսինքն՝ նույնիսկ տեխնիկապես արդեն դժվար է պատկերացնել, թե դա ինչպես պետք է իրականացվի, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

Հարցազրույցից հատված ստորև.

«Ազատություն». - Բանակցությունների չեղարկումը նշանակում է արդյոք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը այս տարի չի լինի, պարզ է, բայց անգամ ավելի հետընթաց կա՝ շրջանակային տարբերակն է չեղարկվում:

Տիգրան Գրիգորյան. - Կարծում եմ՝ այո, մինչև այս տարվա վերջ ոչինչ չի ստորագրվելու, այսինքն՝ նույնիսկ տեխնիկապես արդեն դժվար է պատկերացնել, թե դա ինչպես պետք է իրականացվի: Խոսվում է արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին, բայց չգիտենք՝ տեղի է ունենալու, տեղի չի ունենալու: Այնուամենայնիվ, պարզ է, որ այդ փաստաթուղթը երկրի առաջնորդների մակարդակով երևի պիտի ստորագրվի և չի նախատեսվում, և միջնորդները ևս նշում են, որ քիչ հավանականություն կա ստորագրման:

«Ազատություն». - Ինչո՞ւ ոչ, պարոն Գրիգորյան, եթե այդ թվում և Դուք այս տաղավարում ասել եք, որ Երևանը, ըստ էության, կատարել է Ադրբեջանի պահանջները:

Տիգրան Գրիգորյան. - Երևանը սկզբունքային անհամաձայնություն է տվել բանակցությունները վարել ադրբեջանական 5 սկզբունքների հիման վրա, սակայն նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը բանակցային գործընթացը պատկերացնում է որպես վերջնագրերի կատարման գործընթաց, այսինքն՝ նրանց սեղանին դրել են իրենց խաղաղության պայմանագրի տարբերակը, որը այդ 5 սկզբունքների բացված տարբերակն էր: Հայկական կողմը, այնուամենայնիվ, սկսել է արձագանքել տարբեր կետերի. գիտենք, որ Վաշինգտոնում քննարկվել է հենց հայկական կողմի արձագանքը այդ փաստաթղթի նախագծին…

«Ազատություն». - Հավանաբար, մասնավորապես Ստեփանակերտ-Բաքու երկխոսության նախադրյալները…

Տիգրան Գրիգորյան. - Ես չեմ կարծում, թե այդ երկխոսությունը խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կլիներ, բայց Երևանը, տեսնում ենք, որ այո, շեշտում է: Մի քանի շաբաթ առաջ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում էր, որ քանի դեռ այդ հարցով պայմանավորվածություն չլինի, դժվար է խոսել խաղաղության պայմանագրի կնքման մասին, այսինքն՝ չնայած խաղաղության պայմանագրի տեքստի մեջ Ղարաբաղի վերաբերյալ հիշատակում չկա, բայց այնուամենայնիվ, Երևանը բարձրացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, իրավունքների հարցը այս կամ այն ձևաչափով՝ լինի դա այդ ուղիղ բանակցությունների ձևաչափը, թե ռուսական տարբերակը, որով ընդհանրապես ենթադրվում է հետաձգել այդ հարցը:

«Ազատություն». - Հետևաբար Ադրբեջանը երկուսն էլ չի՞ ուզում:

Տիգրան Գրիգորյան. - Վստահաբար Ադրբեջանի համար ոչ ընդունելի է իրավամբ միջազգային մեխանիզմի ներքո գործող ուղիղ բանակցություններ Արցախի ներկայացուցիչների հետ: Ադրբեջանը փորձելու է ներկայացնել բոլոր այն շփումները, որոնք մինչև այսօր կային, մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման շուրջ, այլընտրանքային ճանապարհի շուրջ, հիշում ենք, որ բանակցություններ կային: Փորձելու է այդ շփումները ներկայացնել որպես արդեն իս ընթացող գործընթաց, այդ շփումների մասին տեղեկացնել օրինակ՝ ամերիկացիներին ու եվրոպացիներին և նշել, որ դա է միջազգային կոմպոնենտը, որ տեղեկացնում են, բայց ես բացառում եմ մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կհամաձայնի իրավամբ միջազգային ձևաչափի ներքո ինչ-որ բանակցություններ վարել Ստեփանակերտի հետ, և այդ առումով պարզ է, թե ինչու Բաքուն այս վերջին շրջանում ավելի ապակառուցողական դիրքորոշում ունի: Նույնն էլ վերաբերում է ռուսական տարբերակին՝ եթե Ադրբեջանն ընդունում է այդ տարբերակը, ընդունում է, որ կա հակամարտություն, որ կա Լեռնային Ղարաբաղ, կա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց, ուստի այստեղ ևս չարժե ակնկալել որևէ զիջումներ Բաքվի կողմից:

«Ազատություն». - Ինչո՞ւ Բաքուն չի ուզում միջնորդների մասնակցությամբ խոսել Ստեփանակերտի հետ, ինչո՞ւ է դա այդքան սկզբունքային:

Տիգրան Գրիգորյան. - Որովհետև Բաքուն հայտարարում է, որ հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղի հարց չկա, եթե ինչ-որ հարցեր կան Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ կապված, դա Ադրբեջանի ներքին գործն է, և այդ ներքին գործերին իրավունք չունի նույնիսկ միջամտել Հայաստանը, որը հակամարտության ճանաչված կողմ է, և նշում է, որ միջազգային հանրությունն այստեղ անելիք չունի, միջազգային հանրությունը կարող է միջնորդել Հայաստանի հետ ահրաբերությունների կարգավորման գործընթացում՝ ապաշրջափակում, դելիմիտացիա, բայց Լեռնային Ղարաբաղը, Բաքվի պատկերացումներով, իր ներքին գործն է:

«Ազատություն». - Կոսովոյի օրինակն այստեղ լավ նախադեպ չէ՞:

Տիգրան Գրիգորյան. - Շատ են խոսում այդ օրինակի մասին, բայց իրականությունն այլ է, և կան իրողություններ, որոնք ցույց են տալիս, որ միջազգային դերակատարների մոտեցումն այս հարցի նկատմամբ այլ է, քան Կոսովոյի դեպքում: Խնդիրը, մասնավորապես, նույն արևմտյան միջնորդության հետ կայանում է նրան, որ դա միջնորդություն չէ, այլ ֆասիլիտիացիա է, այսինքն՝ արևմտյան տարբեր միջնորդներ կազմակերպում են հանդիպումներ, ամեն ինչ անում են, որ երկխոսություն լինի, բայց սեփական պատկերացումներ չունեն, այսինքն՝ սեղանին չկա դրված արևմտյան տարբերակ: Այդ Վաշինգտոնյան պլան որ խոսում են շատ, իհարկե դա սպեկուլյացիա է, և դա վատ է, որ չկա, որովհետև եթե չկա միջնորդություն, առկա ուժերի դիսբալանսի պայմաններում, երբ հատկապես կոչ է արվում ուղիղ երկխոսություն լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, պարզ է, որ Ադրբեջանը փորձելու է իր պայմանները պարտադրել Հայաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG