Ռուսաստանի արտգործնախարարն այսօր պնդել է, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և դրանից հետո անհիմն են մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից: Ծավալուն` երկու ժամանոց ասուլիսում Լավրովը որոշ մանրամասներ է հայտնել հակամարտության կարգավորման շուրջ տարիներ շարունակված դռնփակ բանակցություններից, ընդգծելով` դեռևս տասը տարի առաջ է Մոսկվան առաջարկել կարգավիճակի հարցը թողնել ապագային:
«Այդ մոտեցումը շատ պարզ էր` հայերը դուրս են գալիս Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական հինգ շրջաններից` իրենց վերահսկողության տակ թողնելով երկու շրջաններ, որոնք կապում էին Ղարաբաղը Հայաստանին: Որ դրանք ադրբեջանական էին` ոչ ոք չէր վիճարկում, սակայն դրանց ճակատագիրը պետք է վճռվեր Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը փոխկապակցված: Այդ ժամանակ ի հայտ եկավ կարգավիճակը հետո֊ին թողնելու գաղափարը, և հետո ասելով հասկանում էինք հաջորդ սերունդներին»:
Ավելին, Լավրովը պնդել է, թե այս մոտեցումը կենսունակ է եղել նաև ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո` Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում: Հենց այդ հիմքով էլ, ըստ Լավրովի, Մոսկվան կարգավիճակի առկախման կետը ներառել է խաղաղության պայմանագրի իր տարբերակում, որն այս գարնանը ներկայացվել է կողմերին: Բաքուն այդ ժամանակ պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցը, իսկ Պրահայում ստորագրված փաստաթղթից հետո` Սոչիում արդեն` մերժել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիի պայմանավորվածություններից 10 օր անց Երևանն ու Բաքուն կոշտ մեղադրանքներ են փոխանակում«Սոչիում հոկտեմբերի վերջին մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ առաջ գնալ այն ջենթլմենական համաձայնության հիման վրա, ըստ որի պետք է բոլոր հարցերը կարգավորել, իսկ կարգավիճակը թողնել հետոյին: Բայց երբ նրանք եկան Սոչի, Փաշինյանն ու Ալիևը Պրահայից բերեցին այդ փաստաթուղթը, որում ասվում էր, որ նրանք ուզում են խաղաղության պայմանագիր կնքել` ՄԱԿ֊ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն», - նշել է Լավրովը:
«Այդ հռչակագիրն ասում է, որ բոլոր միութենական պետությունները հաստատում են սահմաննների անխախտելիությունը Խորհրդային Միության պետությունների միջև գոյություն ունեցող սահմաններով: Այլ կերպ ասած` այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության մաս էր, և երբ դրան հավանություն են տալիս թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Ֆրանսիան, թե Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը՝ ասելով, որ ճանաչում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը առանց որևէ վերապահման, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է հարցը, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Մեկ ամիս առաջ հանդիպելով Սոչիում` Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդները հայտարարություն տարածեցին, որտեղ որևէ բառ չկար Ղարաբաղի մասին: Ավելի ուշ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, թե կողմերը ոչ բոլոր կետերի շուրջ են համաձայնել, և որոշ դրույթներ ի վերջո դուրս են մնացել նախապես պատրաստված տեքստից: Թե ինչի մասին էին այդ դրույթները`Պուտինը չէր ասել: Հանդիպումից առաջ, սակայն, Հայաստանի վարչապետը ընդգծել էր, թե Երևանը կողմ է ԼՂ հարցով ռուսական կողմի առաջարկներին`հորդորելով Պուտինին պաշտպանել դրանք: Արտգործնախարար Լավրովն այսօր հեռակա է արձագանքել հայկական կողմի այդ հորդորներին։
«Երբ Պրահայի փաստաթղթի ստորագրումից հետո, որտեղ հղում է արվում Ալմա Աթայի հռչակագրին`առանց որևէ վերապահման, հայկական կողմը մեզ ասում է` թող Ռուսաստանը պաշտպանի Ղարաբաղի կարգավիճակի հարցով առաջարկները, դա փոքր-ինչ այլ օպերայից է, բանակցություններ վարելու հետ կապ չունի», ֊ ասել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ կառավարությունը կարծում է՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգելը ճիշտ էՀայկական կողմին ուղղված թափանցիկ ակնարկներից բացի Ռուսաստանի արտգործնախարարը նաև Արևմուտքին է մեղադրել` հայ֊ադրբեջանական կարգավորման գործընթացին միջամտելու, Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները սեփականաշնորհելու և կարգավորման միակ ձևաչափը` Մինսկի խումբը տապալելու համար:
«Երևանի և Բաքվի հետ մեր շփումներում մենք նշում էինք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունից հետո Արևմուտքը` Վաշինգտոնի ու Փարիզի շուրթերով, պաշտոնապես հայտարարում էր, որ ոչ մի տեղ և ոչ մի ձևաչափում Ռուսաստանի հետ չեն համագործակցելու: Դրանով նրանք հայտարարեցին Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին: Այդ իսկ պատճառով, երբ մեր հայ գործընկերները հիշում են Մինսկի խումբը, մենք նրանց ասում ենք` այդ հարցը պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ` Միացյալ Նահանգներին ու Ֆրանսիային և իհարկե, Ադրբեջանին, քանի որ առանց Բաքվի միջնորդական որևէ ջանք իմաստ չունի», - հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան:
Հակառակ Լավրովի պնդումներին՝ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը ամիսներ առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում ընդգծել էր, որ չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին` Արևմուտքը պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ` հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախևառաջ, դուք` հայերդ, պետք է աշխատեք ձեր հարևանների հետ՝ փորձելով առաջ տանել հաշտեցման այդ օրակարգը. Քերըն ԴոնֆրիդՊաշտոնական Երևանը Մոսկվայի վերջին հայտարարություններին դեռ չի արձագանքել: