Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցերին են անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը այսօր կայացած հանդիպման ժամանակ։
Վարչապետը ողջունել է ամերիկացի դիվանագետի այցը տարածաշրջան և բարձր գնահատել ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:
Վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ - ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի: Կարևորվել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: