Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները հակադարձում են Բաքվին


Արցախում ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանում զորահանդեսի փորձ են անում, արխիվ
Արցախում ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանում զորահանդեսի փորձ են անում, արխիվ

Ռուս խաղաղապահները հակադարձել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրությանը՝ տարակուսանք հայտնելով դրա ձևակերպումների առնչությամբ:

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում հաստատել էր ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի ուղղությամբ: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել էր այդ հաղորդումը՝ միաժամանակ դժգոհելով, թե ռուսական կողմը չի առաջնորդվում Արցախի տեղանունների ադրբեջանական տարբերակների ցանկով:

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը լուսաբանող Տելեգրամ ալիքի հաղորդագրությունում մասնավորապես ասված է.

«Ռուսաստանյան Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբն ուսումնական և մարտական խնդիրների իրականացման ժամանակ օգտագործում են ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղագրական քարտեզներով սահմանված անվանումները:

Զարմանք է հարուցում քննադատությունը Բաքվից Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ, քանի որ ավելի վաղ և ոչ մեկ անգամ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ ոչ-ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոմեքենաների շարասյուների ուղեկցման համատեքստում: Դա, սակայն, չի հանգեցրել տեղեկատվական տարածքում դժգոհություններ արտահայտելուն: Ավելին, շարասյուների երթուղիների համաձայնեցման և ռուսաստանցի խաղաղապահների հետ փոխգործողության կազմակերպման ժամանակ ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում է այդ տեղանունները»:

Շեշտելով, որ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարությամբ և բազմիցս դրվատանքի է արժանացել այդ թվում Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, հաղորդագրությունը մանրամասնում է, որ հրադադարի խախտումները դիտարկվում են խաղաղապահների դիտակետերից՝ օբյեկտիվ վերահսկողության միջոցներով, որոնք թույլ են տալիս դիտարկում իրականացնել օրվա ցանկացած ժամի:

XS
SM
MD
LG