Մատչելիության հղումներ

Փորձագետն անկանխատեսելի է համարում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև տարեվերջ


Լոնդոնում տեղակայված Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն, դոկտոր Լորենս Բրոերսն դժվարանում է կանխատեսել արդյոք մինչև տարեվերջ Երևանի և Բաքվի միջև կսորագրվի խաղաղության պայմանագիրը՝ նկատելով՝ աննախադեպ իրավիճակ է:

Փորձագետի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Երևանն ու Բաքուն պատրաստակամություն էին հայտնել մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր, Դուք տեսնում ե՞ք դրա հնարավորությունը:

Լորենս Բրոերս․ - Շատ անկանխատեսելի, աննախադեպ իրավիճակ է: Բայց երկու երկրների ղեկավարության կողմից կա պարտավորությունը՝ ստորագրելու համաձայնագիր, որը միջպետական մակարդակով կկարգավորի որոշակի խնդիրներ։ Հետաքրքիրն այն է, որ համաձայնագրի համար միջազգային միջավայրը թերևս ավելի նպաստավոր է, քան նախկինում էր։ Ռուսաստանը փաստացի զգալի անկում է ապրել իր ազդեցության, հասանելիության առումով: Եվ հակառակ որոշ վերլուծությունների, որոնք արվել են 2020-ի պատերազմի ժամանակ, այդ թվում՝ իմ վերլուծությանը, հիմա արևմտյան տերությունները վերականգնել են իրենց դիրքերը: Մենք տեսնում ենք Եվրամիության միջնորդությամբ գործընթացը, որը Միացյալ Նահանգների հզոր աջակցությունն է վայելում: Եվ, կարծես, երկու կողմերն էլ հետաքրքրված են: Թե արդյո՞ք դա իսկապես կարող է տանել համաձայնության, շատ անորոշ է: Կարծում եմ՝ կան այլ գործոններ, որոնք ռիսկեր են ստեղծում։ Լավագույնը, որ հիմա հնարավոր է անել, բացահայտել այդ վտանգներն ու պատրաստ լինել դրանց:

«Ազատություն»․ - Ռուսաստանն առաջարկում է առկախել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, փոխարենը Հայաստանն ու Ադրբեջանը փորձեն հաշտվել: Դա կաշխատի՞:

Լորենս Բրոերս․ - Կարծում եմ, որ մենք ունենք այս շատ հետաքրքիր միջնորդական լանդշաֆտը, որտեղ սեղանին դրված են մրցակից առաջարկներ, որոնք երբեմն բացահայտ, երբեմն էլ ենթադրաբար մրցակցում են: Բայց կարծում եմ, որ բոլոր միջնորդները բախվում են մի շարք շատ էական խնդիրների։ Քննարկված առաջարկների բովանդակությունը մեզ հայտնի չէ, բայց լայն ենթադրություն կա, որ ռուսական տարբերակով, ինչպես Դուք ասացիք, առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցերի քննարկումը հետաձգել միջնաժամկետ կամ երկարաժամկետ ապագայի։ Սա շատ հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցության շարունակականությունը կախված է հակամարտության չկարգավորված լինելուց

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG