«Վերածնվող Հայաստանը» դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում

Կուսակցության նախագահ Վահե Հակոբյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության «Վերածնվող Հայաստան» թևը դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում։ Կուսակցությունը որոշումը երեկ է ընդունել։

Ընդգծելով, որ խորհրդարանական գործունեությունն ու պատգամավորական մանդատներն իրենց համար ինքնանպատակ չեն՝ կուսակցությունը հայտարարում է՝ «բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր»։

Ըստ հաղորդագրության՝ կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել, Զեմֆիրա Միրզոևան, որ խորհրդարան է անցել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն՝ ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։

«Վերածնվող Հայաստանի» խորհրդի որոշմամբ, կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։ Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում», - ասված է հայտարարությունում։

Համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել՝ արձագանքելով՝ հայտարարել է «Հայաստան» խմբակցությունը՝ շեշտելով՝ հարգանքով են վերաբերվում իրենց գործընկերների որոշմանը:

«Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան», - ասված է հայտարարությունում:

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները գարնանից բոյկոտել էին Ազգային ժողովի նիստերը և Փաշինյանի հրաժարականի պահանջով ամենօրյա ցույցեր ու անհնազանդության ակցիաներ սկսել։ Ավելի քան կես տարվա բոյկոտից ու փողոցային պայքարից հետո նոյեմբերին ընդդիմությունը պաշտոնապես վերադարձավ խորհրդարան։

«Հայաստան» խմբակցությունում, սակայն, միասնական որոշում չկար խորհրդարան վերադառնալու հարցի շուրջ։ Պատգամավորների մի մասը՝ Վահե Հակոբյանն ու կուսակիցները՝ Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը խորհրդարան չէին վերադարձել։ Վահե Հակոբյանն ասել էր, թե որոշում կկայացնեն, մանդատները վայր դնելու տարբերակն էլ են քննարկում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս խոսելով «Հայաստան» խմբակցությունում ներքին խժդժությունների մասին՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե հավաստի աղբյուրներից է տեղեկանում, որ ընդդիմադիր դաշինքը փլուզվում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արամ Վարդևանյանը լքեց խորհրդարանը. որոշ պատգամավորներ ևս քննարկում են մանդատները վայր դնելու հարցը