Մատչելիության հղումներ

Արամ Վարդևանյանը լքեց խորհրդարանը. որոշ պատգամավորներ ևս քննարկում են մանդատները վայր դնելու հարցը


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լքում է խորհրդարանը։ Ընդդիմադիր պատգամավորը մանդատը վայր է դնում ընդամենը մեկ տարվա աշխատանքից հետո։

«Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա», - Վարդևանյանը մանդատը վայր դնելու մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջով։

Նա գրել է, թե պատգամավորական մանդատը ծառայեցրել է ի շահ Հայաստանի։ Ի՞նչն է փոխվել, որ նույն բանը չի ցանկանում շարունակել, Վարդևանյանը չի մանրամասնում. «Ես պայքարել եմ և պայքարելու եմ՝ դեռ իրեն սպասեցնող հանգուցալուծման համար։ Հավատում եմ, որ այն չի ուշանա և հնարավոր կլինի կառուցել իսկապես անվտանգ երկիր՝ ամուր սահմաններով ու համախմբված հասարակությամբ, պահպանելով մեր Արցախը, հասնելով մեր նոր ու մեծ երազանքին»։

Մինչև պատգամավոր ընտրվելը նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն էր։ Վերջին կես տարում փողոցում էր պայքարում Փաշինյանի իշխանության դեմ, իսկ երբ թիմակիցները անցած շաբաթ խորհրդարան վերադարձան, նա չկար։

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախօրեին «Ազատության» հետ զրույցում վստահեցնում էր, թե պատգամավորական շարքերը կուռ են և խմբակցությունում չի քննարկվում որևէ մանդատ վայր դնելու հարց։

«Մեր խմբակցությունում այդպիսի քննարկումներ չեն եղել, այդ ամեն ինչը, ինձ թվում է, քաղաքական շահարկումներ են այն ուժերի, ովքեր ուզում են, որպեսզի մեր խմբակցությունը պառակտվի», - ասաց է Օհանյանը:

Ըստ մամուլի՝ խմբակցությունում էլի կան պատգամավորներ, որ մտադիր են մանդատները վայր դնել։ «Հայաստան» խմբակցության ներքին խժդժությունների մասին խոսում է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Երեկ լրագրողներին ասել է, թե հավաստի աղբյուրներից է տեղեկանում, որ ընդդիմադիր դաշինքը փլուզվում է։

«Իհարկե, շարունակվելու է պրոցեսը, գիտեմ հավաստի աղբյուրներից», - նշեց է Սիմոնյանը:

Փողոցային պայքարից ու կես տարվա բոյկոտից հետո «Հայաստան» խմբակցությունում միասնական որոշում չկա խորհրդարան վերադառնալու հարցի շուրջ։ Պատգամավորների մի մասը՝ Վահե Հակոբյանն ու կուսակիցները՝ Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը դեռ չեն վերադարձել։ Սա խմբակցության «Վերածնվող Հայաստան» կուսակցության թևն է։ Վահե Հակոբյանն ասաց՝ հաջորդ շաբաթ որոշում կլինի։ Մանդատները վայր դնելու տարբերակն էլ են քննարկում։

«Կարծում եմ եկող շաբաթ որոշում կկայացնենք, ես բոլորին կտեղեկացնեմ պատշաճ կերպով: Քանի որ մի քանի տարբերակ կա իր բոլոր ինտերպրիտացիաներով, դեռ այսօր, վաղը քննարկելու ենք: Բոլոր հնարավոր ու անհնարին տարբերակները քննարկում ենք», - նշեց Հակոբյանը:

Խորհրդարանի խոսնակն առանց անուններ տալու նախօրեին չէր բացառել, որ գլխավոր դատախազը առաջիկայում խորհրդարան կգա ընդդիմադիր երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար, թեև Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ այս պահին միջնորդություն չկա, անհրաժեշտության դեպքում հայտարարություն կանեն։ Վահե Հակոբյանն էլ այն պատգամավորներից է, որ անցնում է քրեական գործով։ Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցության թևն արդեն պառակտվել է։ Պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը լքել են կուսակցությունն ու «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորների հետ վերադարձել խորհրդարան։

«Հայաստան» խմբակցությունից մինչ օրս խորհրդարան չի վերադարձել նաև դաշնակցական, փողոցում վարչապետի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։

XS
SM
MD
LG