Բողոքի ակցիաներ Երևանում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով

ՀԱՊԿ գագաթաժողովին զուգահեռ այսօր Երևանում մի քանի բողոքի ակցիա ընթացավ։ Ռազմական դաշինքից դուրս գալու կոչով փողոց էին դուրս եկել քաղհասարակության ներկայացուցիչները, արտախորհրդարանական ընդդիմադիր մի քանի քաղաքական ուժեր ու քաղաքացիներ։

Բողոքի ակցիաներից մեկը Ազատության հրապարակում էր։ Քաղհասարակությունը իշխանություններից պահանջում է րոպե առաջ դադարեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, շեշտում են՝ ադրբեջանական զինուժի ներխուժումից ու այդ կառույցի անգործությունից հետո Հայաստանն անհապաղ պետք է սկսեր այդ գործընթացը։

«Մենք ստացանք ոչ թե անվտանգություն, մենք ստացանք Ադրբեջանին քաղաքական աջակցություն, ստացանք այն, որ, ըստ էության, դե ֆակտո առնվազն Ռուսաստանը և Բելառուսը քաղաքականապես աջակցեցին Ադրբեջանին: ՀԱՊԿ անդամ մյուս երկրներն առանձնապես ուղղակի ոչինչ չարեցին, ինչն, իհարկե, ավելի լավ է, քան Ադրբեջանին աջակցելը: Այդ օրվանից սկսած, ես կարծում եմ, որ մենք պետք է դուրս գայինք այդ կազմակերպությունից», - նշեց Իոաննիսյանը:

Պաշտոնական Երևանը ռազմական օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին, բայց ռազմական դաշինքը օգնության փոխարեն իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան. օգնության հարցն արդեն ավելի քան երկու ամիս է՝ քննարկվում է: Երևանը նաև անվտանգային կառույցից հստակ քաղաքական գնահատականն է ակնկալում։ ՀԱՊԿ-ի անգործությունից հետո քաղհասարակությունն անընդունելի է համարում, որ նույն այդ կառույցի անդամ պետությունների առաջնորդները ընդունելության են արժանանում Երևանում։

«Պուտինը, Լուկաշենկոն և մյուսներն այս երկրում ոտք չպետք է դնեին: Իրենք, մեղմ ասած, արժանի չէին, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները իրենց օդակայանում դիմավորեն՝ պատվոպահակախմբերով և ուղեկցվեն միջոցառման», - հայտարարեց Դանիել Իոաննիսյանը:

«Գնացեք ուրիշ տեղ հանդիպեք՝ մեր սահմանները վտանգավոր են, ամեն տեղ կարող է ռմբակոծեն: Ես մինչև հիմա կարծում եմ, որ վարչապետը մտածում է, թե կարելի է ՀԱՊԿ-ը աշխատեցնել, այն էլ Հայաստանի օգտին, լավ այդքան միամիտ լինո՞ւմ են», - ասաց «Ասպարեզ» լրագրողական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Ռուսաստանը ոչ թե գործընկեր են, այլ թշնամի, համոզված են հավաքի կազմակերպիչները։ Նրանք հիշեցրեցին Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը։

«Ալիևը գլուխը պատին է տվել, Ալիևը սխալվում է, իսկ սխալը հետևյալն է՝ Հայաստանն ընդհանրապես որևէ բարեկամ չունի և չի կարող ունենալ ՀԱՊԿ-ում: Այսինքն՝ ոչ թե ավելի շատ կամ ավելի քիչ, այլ՝ զրո, առանց փայտիկի», - ընդգծեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Ինքնիշխան Հայաստան» Կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանն էլ ընդգծեց. - «ՀԱՊԿ-ը երբեք չի եղել Հայաստանի դաշնակից տարածք, ՀԱՊԿ-ի անդամ լինելով Հայաստանը պակասեցրել է իր հնարավորությունները, զիջել է իր անվտանգությունը, և զիջել է այն հնարավորությունը, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ ուժեղ բանակ, սպառազինված բանակ և զարգացած ժողովրդավար դաշնակիցներ»:

«Բոլորին արդեն պարզ է, որ առանց ռուսաստանի հետ և նմանատիպ կազմակերպությունների, ինչպիսին է ՀԱՊԿ-ն, հետո կհա ԵԱՏՄ-ի հերթը, մենք շատ ավելի կայուն կլինեն և կկարողանանք սեղմել օդում մնացած ձեռքերը տարբեր կողմերից, որ գալիս են դեպի Հայաստան», - նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

Հավաքի մասնակիցները պատրաստվում են դիմել Ազգային ժողովին ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպելու պահանջով։ Ռազմական դաշինքից դուրս գալու պահանջով այսօր նաև Ազգային ժողովրդավարական բևեռն (ԱԺԲ) էր բողոքի ակցիա անցկացնում Գարեգին Նժդեհի արձանի մոտ։ Բևեռի ներկայացուցիչները ևս ռազմական դաշինքը թշնամական կառույց են որակում, անհրաժեշտություն համարում՝ այլ արևմտյան անվտանգային կառույցի անդամակցությունը։

«ՀԱՊԿ-ի վերջին օրերն են, վերջին այցելությունն է, այո, եթե եկել է կամ գալու է Պուտինը: Այլևս վերջ, Հայաստանը փակվելու է այդ երկրի համար, մենք որևիցե գործ չունենք մարդասպան, տեռորիստ երկրների հետ», - հայտարարեց ԱԺԲ-ի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Ազատության հրապարակում նաև մի խումբ ուկրաինացիներ ու ռուսներ կային, այսօրվա երկու հանրահավաքներն էլ խաղաղ անցան, տեղից ոչ ոք բերման չենթարկվեց, բայց Ազատության հրապարակ ուղևորվելու ճանապարհին՝ Պարոնյան փողոցից բերման էին ենթարկվել Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն ու նրա 3 կուսակիցները։ Խզմալյանն «Ազատությանը» հայտնեց, որ ոստիկանները տեսնելով իրենց պաստառները՝ բերման ենթարկեցին իրենց։ Նրանք երեք ժամ անց ազատ են արձակվել։