Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում դաշինքի իմիջին. Փաշինյան


Արդեն մի քանի ժամ է՝ Երևանում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Այդ նպատակով 2020 թվականի պատերազմից հետո առաջին անգամ Հայաստան է ժամանել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս պահին ՀԱՊԿ-ը գլխավորող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառույցի հասցեին կոշտ քննադատությամբ սկսեց իր ելույթը: Մասնավորապես հիշեցնելով սեպտեմբերյան արյունալի դեպքերը, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի մինչև այս պահն էլ գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ օկուպացնելով այն, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մինչև այս պահը ՀԱՊԿ-ից պատշաճ արձագանք չի ստացել:

«Ավարտվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, բավականին հագեցած ժամանակահատված էր: Մենք նշեցինք ՀԱՊԿ-ի պայմանագրի ստորագրման 30-ամյակը և դաշինքի ստեղծման 20-ամյակը: Չնայած հոբելյաններին՝ մեր տրամադրությունը, ցավոք, բոլորովին էլ հոբելյանական չէ՝ վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ Հայաստանը առնվազն երեք անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից», - ասաց Հայաստանի ղեկավարը՝ շարունակելով. «Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին որևէ կերպ չզսպեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, և փաստացի մինչև հիմա մենք դաշինքից որևէ արձագանք չենք ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի իմիջին, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը»:

Այսօր նախքան ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների ընդհանուր նիստը, որի ընթացքում կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, թե Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է: Այլ մանրամասներ մամուլի համար նախատեսված հեռարձակման ընթացքում նա չհայտնեց:

«Կովկասյան տարածաշրջանում դրական դեր են խաղում Հայաստանի կառավարության և այլ մասնակիցների ջանքերը խաղաղ պայմանավորվածությունների հասնելու, սահմանների իրավական ձևակերպման և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, այն տեղեկատվությունը, որ հաղորդվում է ՀԱՊԿ հակազդման կենտրոններից, հաստատում է, որ փաստացի ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին:

Հայաստանի համար այս սպառնալիքի քննարկմանն են նվիրված եղել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի վերջին երեք արտահերթ նիստերն այս տարվա մայիսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին: Հայաստանին աջակցության տրամադրման նախագիծը, որը կազմվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության արդյունքների հիման վրա, ընդհանուր առմամբ համաձայնեցվել է», - նշեց նա:

Լրագրողներին խոստացել էին նաև հայտարարություն հաղորդել, սակայն այն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ այդ ընթացքում պատահաբար ուղիղ եթերում հեռարձակվեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, որտեղ լսվում էր, թե ինչպես է նա ասում. «Եթե մենք առկախում ենք Հայաստանին օգնության հարցը, ի՞նչ ենք գնալու հիմա հայտարարելու»:

Դրանից հետո ուղիղ եթերը խլացվեց, և հնարավոր չեղավ լսել շարունակությունը:

«Ես ներողություն եմ խնդրում, Վլադիմիր Վլադիմիրովիչն այստեղ հարցի անդրադարձավ, որն օդում կախված է: Եթե մենք առկախում ենք Հայաստանին օգնության տրամադրման որոշումը, ապա ի՞նչ է լինելու հռչակագրի և հայտարարության հետ, որոնք մենք... ինձ թվում է փաթեթային որոշում կար, դրա համար կարծում եմ՝ մենք հետո աշխատանքային ձևաչափով կստորագրենք»:

Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին մարտերի կապակցությամբ պաշտոնական Երևանը օգնության համար դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան, օգնության հարցը դեռևս քննարկվում է:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, որ կառույցը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան: ՀԱՊԿ-ի անգործության մասին Երևանի քննադատությունների ֆոնին՝ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում պնդել էր՝ դրա համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, որտեղ այժմ Հայաստանն է նախագահում:

ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում նաև հայտնի դարձավ, որ 2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը՝ այս պաշտոնում փոխարինելով Ստանիսլավ Վասիլիի Զասնին:

XS
SM
MD
LG