Արցախի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հաղորդում է, որ ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ.
Ըստ ՆԳՆ-ի՝ Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանություն է դիմել այսօր ժամը 12։15-ին և հայտնել, որ Հացի գյուղի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։
Նախարարության փոխանցմամբ, հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։
Բաքուն դեռ չի արձագանքել հաղորդմանը։
Օրեր առաջ էլ Ստեփանակերտը հայտնել էր Խրամորթի դաշտում տրակտորով աշխատող բնակիչների ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների մասին, մեկ անձ տուժել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Խրամորթի միջադեպը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը պնդում է, թե «Ղարաբաղում կասեցրել է հայկական ուժերի ինժեներական աշխատանքները»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2020-ի նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանի կողմից սպանվել է 18 անձ․ Արցախի օմբուդսմեն