Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակ է արձակել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ


Արխիվ
Արխիվ

Ադրբեջանական մարտական դիրքից այսօր ցերեկը կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

Ըստ ոստիկանություն դիմած քաղաքացու հաղորդման՝ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։

«Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան», - նշված է ոստիկանության հայտարարության մեջ։

Դեպքի մասին կառույցը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին։

Առավոտյան էլ Ադրբեջանն էր Հայաստանին ու Արցախին մեղադրել հրադադարի խախտման համար, ինչը Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունները հերթական ապատեղեկատվությունն էին որակել:

XS
SM
MD
LG